Մատչելի հղումներ

Freedom House - 29 երկրներից 18-ում, այդ թվում՝ Հայաստանում գրանցվել է ժողովրդավարության անկում


Եվրոպական Միության ընդլայնումը կարեւոր դեր է խաղացել ժողովրդավարության տարածման գործում, սակայն ինտեգրացման ամեն փուլից հետո ավելանում են Միությունը պահպանելու գործում մարտահրավերները։ Եվ այդ առումով ԱՄՆ-ը պիտի ավելին արած լիներ Եվրոպայում ժողովրդավարացման գործընթացին աջակցելու գործում։ Այս մասին է ասված Freedom House իրավապաշտպան կազմակերպության 2Օ17 թվականի «Անցումային երկրներ» անվանումը կրող ամենամյա զեկույցում։

Freedom House-ի նոր՝ «Անցումային երկրներ 2017» զեկույցը արձանագրել է Հայաստանում ընդհանուր ժողովրդավարության անկում։ 2016-ի համեմատ՝ Հայաստանի ժողովրդավարության միավորը 5.36-ից հասել է 5.39-ի՝ այսպիսով ավելի մոտենալով վատագույն 7 միավորին։ 2008-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում գրանցվել էր 2ՕՕ8 թվականին՝ 5.21 միավորով։

Զեկույցի համաձայն, 2Օ16 թվականին Արեւմտյան Եվրոպայում ու ԱՄՆ-ում պոպուլիստների կողմից գրանցված հաջողությունները ցնցել են աշխարհը եւ Սառը պատերազմի ավարտից հետո՝ դարձել մտահոգության մեծ պատճառ։ Նախկին խորհրդային ու նախկին կոմունիստական 29 երկրներից 18-ում գրանցվել է ժողովրդավարության անկում՝ արձանագրելով անցած 22 տարիների ընթացքում երկրորդ ամենախոշոր անկումը։

Կենտրոնական Եվրոպայում ամենամեծ անկումը գրանցվել է Հունգարիայում, ապա՝ Լեհաստանում։

Ինչպես ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին Freedom House-ի «Անցումային երկրներ 2017» զեկույցի նախագծի ղեկավար Նեյթ Շենքանն է ասում, ՝՝Նշված երկրներում ավտորիտար իշխանությունների թիվն այսօր գերազանցում է ժողովրդավար կառավարությունների թվին ու դրա գլխավոր պատճառը պոպուլիստ ղեկավարների ի հայտ գալն է ու նրանց թվի աճը՛՛։

Մի բան, ասում է նա, ինչն ունի այլ երկրների կողմից նմանակման հատկություն։

Ըստ զեկույցի, Ռուսաստանն իր ցուցանիշներով 29 երկրների շարքում 23-րդ տեղում է, չնայած այն հանգամանքին, որ անգամ ուժեղ ճնշամիջոցների ներքո, այստեղ դեռեւս գործում է քաղաքացիական զարգացած հասարակություն։

Բրուքինգզի հաստատությունից Սերգեյ Ալեքսաշենկոն հակադարձում է, ասելով, որ չնայած առկա է ինտերնետային ազատությունը, ռուսների 8Օ տոկոսը տեղեկատվություն է ստանում հեռուստատեսության միջոցով։

՝՝Իսկ Ռուսաստանում չկա մի կայան, որը չվերահսկվի կառավարության կողմից՛՛, ասում է նա։

Զեկույցի համաձայն, եվրասիական 12 երկրներից հինգում արձանագրվել է կոռուպցիայի անկում, մյուս կողմից՝ աննախադեպ աճ գրանցել Ադրբեջանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում։

Ժողովրդավարական եւ ոչ ժողովրդավարական համակարգերի միջեւ հիմնական տարբերությունն իրենց կառավարություններն ընտրությունների միջոցով փոխելու տվյալ երկրի քաղաքացիների կարողությունն է։ Իսկ Հայաստանում նախագահականից խորհրդարանական համակարգին անցնելու նպատակը այդ փոփոխությունն իրականացնելու հնարավորությունը կրճատելն է եղել եւ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելը, ասված է Freedom House-ի զեկույցում։

Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, Freedom House-ի «Անցումային երկրներ 2017» զեկույցի նախագծի ղեկավար Նեյթ Շենքանն ասում է, թե չնայած Հայաստանի վրա ռուսական մեծ ազդեցությանը, չի թվում, որ Հայաստանում կիրականացվեն ռուսական ոճի սահմանափակումներ։ Եվ դրա համար կարեւոր դեր են խաղում Սփյուռքի ու Արեւմուտքի կառավարությունների հետ Հայաստանի կապերը։

՝՝Բայց հարցն այն է, թե ինչպես է քաղաքացիական հասարակությունն ազդեցություն գործում կառավարության վրա։ Հայաստանում գործում են շատ արդյունավետ մեծաթիվ կազմակերպություններ, սակայն Հայաստանում առկա է մի կառավարություն, որը շատ հաճախ է ցուցաբերում նրանց հետ համագործակցելու հարցում դժկամություն՛՛։

29 երկրների ցանկում ամենալավ ցուցանիշը գրանցվել է Էստոնիայում՝ 1.93, ամենավատը՝ Ուզբեկստանում՝ 6.96 միավորով։

Freedom House-ն առանձնացնում են Ուկրաինան, Ռումինիան եւ Կոսովոն որպես ՝՝պայծառ կետեր՛՛, որտեղ, ըստ ամենամյա զեկույցի, իրականացվում են կառուցվածքային աստիճանական բարեփոխումներ։

Հայաստանը 21-րդ տեղում է, հարեւաններից Վրաստանը՝ 17-րդ, Ադրբեջանը՝ 27։

XS
SM
MD
LG