Մատչելի հղումներ

Վերլուծաբանները քննարկում են Հայաստանում ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները


A woman walks past election posters on March 29, 2017 in Yerevan, ahead of April 2 parliamentary elections.
A woman walks past election posters on March 29, 2017 in Yerevan, ahead of April 2 parliamentary elections.

Փորձագիտական շրջանակները ընդգծում են, որ Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր նշանակություն ունեն:

Ըստ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի,՝ այս ընտրությունները խաչմերուկ են Հայաստանի համար, որոնք կարող են կամ շրջադարձային, կամ պառակտիչ դեր ունենալ, հատկապես կայունության և անվտանգության առումով:

Քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանը ևս ընդգծում է, որ սա չափազանց կարևոր իրադարձություն է Հայաստանի պատմության մեջ:

«Մենք ունենք նոր Սահմանադրություն և քաղաքական առաջնորդներին ընտրելու նոր համակարգ, ուստի այն սովորական խորհրդարանական ընտրություններ չէ, այլ ընտրություններ, որոնք պետք է ձևավորեն հետագա իշխանությունը»:

Քաղաքական ինն ուժերից Էմիլ Սանամյանն առանձնացրեց իշխող Հանրապետական կուսակցությունն ու Ծառուկյան դաշինքը որպես առաջատարներ: Վերջինս Հանրապետական կուսակցության հիմնական մրացակիցն է:

«Նրա ընդդիմադիր լինելը միանշանակ չէ: Բացի այդ, պարզ չէ, թե որքանով է նրա գլխավորած դաշինքը մասնակցում ընտրություններին առաջինը լինելու հավակնությամբ»,- ասում է Սանամյանը:

Վերլուծաբանը փաստում է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը որոշ ջանքեր է գործադրել բարելավելու իր վարկանիշ`հեռացնելով ասպարեզից խնդրահարույց գործիչներին և նշանակելով ժողովրդականություն վայելող նոր վարչապետ Կարեն Կարապետյանին, ով սակայն ներկայացված չէ կուսակցության հայտացուցակում:

Վերլուծաբանի կարծիքով, սոցիալ-տնտեսական հարցերի նկատմամբ ընտրողներն ունեն ավելի մեծ հետաքրքրություն համեմատած անվտանգության հարցերի հետ, քանի որ դրա հետ առնչվում են առօրյա կյանքում:

«Մարդկանց զգալի հատվածը չի առնչվում անվտանգության խնդիրներին ամեն օր: Աշխատատեղեր, հարկեր, խնդիրներ իշխանությունների հետ, օրինակ ոստիկանության վարքագծի առումով, այս և նման հարցեր են կարևոր մարդկանց համար, եթե իհարկե չկա ֆորս-մաժորային իրավիճակ, ինչպիսին էր անցած տարվա ապրիլին»,- ասում է Սանամյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը ևս ընտրությունների կարևոր թեմաներից է: Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քավանոն գտնում է, որ ընտրողներն ունեն մտավախություն, որ իշխանությունները պատրաստ են զիջումներ կատարել այս հարցում:

«Այս խնդիրը վերածվել է ներքաղաքական խնդրի, քանի որ իշխանությունների ձեռքերը կապված են, և խնդրի կարգավորման մասին խոսելու փոխարեն՝ նրանք ավելի շատ խոսում են, թե որքան բարդ է այս խնդիրը»,- ասում է Քավանոն

Վերլուծաբան Սանամյանն էլ կարծում է, որ երկու հիմնական ուժերի` հանրապետականների ու Ծառուկյան դաշինքի դիրքորոշումները գրեթե նույնն են այս հարցում, իսկ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը ավելի շատ բխում է իր գլխավորած ուժի այս ընտրություններին մրցունակ չլինելուց:

Սակայն, Հայաստանի քաղաքական կյանքի ամենակարևոր հարցերից է մնում 2018 թվականից հետո գործող նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական դերակատարությունը: Վերլուծաբան Սանամյանի կարծիքով, նախագահ Սարգսյանը միտումնավոր կերպով այս հարցը պահում է բաց`՝ քաղաքական իր ազդեցությունը պահպանելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG