«Ամերիկան սովորական երկիր չէ, որը կարող է պարզապես առաջնորդվել իր նեղ շահերով՝ մոռանալով աշխարհի մասին», - այսպես սկսեց իր խոսքը Սենատի լսեւմներին հրավիրված ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը:
Օլբրայթի խոսքով, սխալ կլիներ հաշվի չառնել, որ Միացյալ Նահանգներն ունի սեփական շահերը, սակայն պետք է նաեւ հիշել, որ աշխարհում անկախ, մեկուսացված ոչինչ չկա.
«Ամերիկայի շահերից է բխում գլոբալ գործընթացներին մասնակցությունը, քանի որ երկրի ներսում մեր անվտանգությունն ու բարգավաճումը կապված են արտերկրում տնտեսական եւ քաղաքական առողջ մթնոլորտի հետ»:
«Միացյալ Նահանգների շահերը, արժեքները եւ Ամերիկյան ժողովուրդը» թեմայով լսումների ընթացքում Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Բոբ Քորքերը խոսել է նախկին դեմոկրատական վարչակազմի անհաջողությունների մասին.
«Վերջին 7 տարիների ընթացքում մենք ականատեսն ենք եղել վստահության ճգնաժամի: Հարցը վերաբերում է նրան, թե ինչպես է աշխարհը դիտարկում Միացյալ Նահանգները: Պարզ ասած, մարդիկ այլեւս չեն հավատում, որ մենք վստահելի ենք եւ կանենք այն, ինչ ինքներս հայտարարում ենք»:
Ի պատասխան դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը մատնանշել է ներկա վարչակազմի արտաքին քաղաքականության, իր կարծիքով, լուրջ բացթողումները.
«Նոր վարչակազմը կարծես թե ավելի բարձր է դասում Ռուսաստանին եւ Չինաստանին, քան մեր դաշնակիցներին»:
Բոբ Քորքերի խոսքով սակայն, նախագահ Թրամփի քաղաքականությունը զգալի փոփոխության է ենթարկվել վերջին շաբաթների ընթացքում.
«Ես լուրջ տարաձայնություններ ունեի հունվարի 20-ին իշխանության եկող նախագահի հետ արտաքին քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ: Սակայն, ես տեսա զգալի փոփոխություն, լինի ՆԱՏՕ-ի, Իսրայելի, Չինաստանի, թե այլ հարցերի վերաբերյալ»:
Միեւնույն ժամանակ լսումների բոլոր մասնակիցներն ընդգծում են՝ ամերիկացիներից շատերն իրենց վտանգված են զգում հենց գլոբալ գործընթացներին Ամերիկայի ներգրավման պատճառով եւ անհրաժեշտ է գտնել ոսկե միջինը: Մեկուսացումը սակայն հարցի լուծում չէ, ընդգծել է նախկին պետքարտուղարը.
«Սարսափելի բաներ են կատարվում աշխարհում, երբ Ամերիկան մեկուսանում է համաշխարհային իրադարձություններից»:
Մադլեն Օլբրայթի կարծիքով, Միացյալ Նահանգների հզորության հիմքում ազատության եւ բազմազանության արմատական գաղափարներն են.
«Ամերիկան միշտ կարողացել է առաջնորդել աշխարհը, որովհետեւ մենք խոսել եւ լսել ենք ամենատարբեր մշակույթներ ներկայացնող մարդկանց»:
Facebook Forum