Մատչելի հղումներ

Օրենսդիրներն ԱՄՆ-ում քննարկում են ընտրություններում Ռուսաստանի միջամտության հարցը


Օրենսդիրներն ԱՄՆ-ում քննարկում են ընտրություններում Ռուսաստանի միջամտության հարցը
please wait

No media source currently available

0:00 0:01:49 0:00

Ամերիկային շարունակում է մեծապես մտահոգել երկրի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հնարավոր դերը։ Այս հարցով Կոնգրեսի երկու պալատների հանձնաժողովներում անցկացվող լսումները կարող են մեծ նշանակություն ունենալ նոր վարչակազմի համար։ Կամ դրական, կամ շատ բացասական։


Դոնալդ Թրամփի վարչակազմը մինչ այժմ չի կարողացել իր վրայից թոթափել այն մեղադրանքները, որոնց համաձայն, նախագահի թիմի անդամները նախընտրական արշավի ժամանակ գաղտնի կապեր են ունեցել ռուս պաշտոնատար անձանց հետ։ Նախագահ Թրամփն այդ մեղադրանքները բազմիցս է անվանել ՝՝սուտ լուրեր՛՛, ռուսները՝ ՝՝տարօրինակ մեղադրանքներ՛՛։ Սակայն այս հարցի ամենակարեւոր պատասխանը պիտի գա Սենատի ու Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովներից, որտեղ ե՛ւ դեմոկրատ ե՛ւ հանրապետական առաջնորդները խոստացել են հետաքննությունն անցկացնել ամենայն մանրամասնությամբ։

Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող սենատորներից Մարք Ուորների խոսքերով, իրենք քննարկելու են այն հարցը, թե ինչպես կարող էր Ռուսաստանը տեխնոլոգիական միջոցներով ապատեղեկատվություն տարածել ԱՄՆ-ում, հատկապես՝ ընտրություններում ամենավճռական նշանակություն ունեցող Վիսկոնզինում, Միչիգանում ու Փենսիլվանիայում։

Դոնալդ Թրամփի դստեր ամուսինը՝ Ջարեդ Քուշները Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում սենատորների հարցերին է պատասխանելու հաջորդ շաբաթ։

Եվ ինչպես հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Բըրն է ասել, իր հանձնաժողովը չի խուսափելու ճշմարտության բացահայտումից։ Սակայն հարցին, թե արդյոք ինքն այժմ ունի Թրամփի ու ռուսական միջամտության հետ կապված փաստեր, պատասխանել է. ՝՝Մեր հիմնական նպատակն այժմ Ամերիկայի ժողովրդին այդ պատասխանը տալն է՛՛։

Սակայն ո՛չ հանձնաժողովի հանրապետական նախագահը, ո՛չ էլ հանձնաժողովում դեմոկրատ գլխավոր սենատորը մինչ այժմ չեն ներկայացնում որեւէ եզրակացություն։ Իսկ դեմոկրատներից աստիճանաբար ավելի մեծաթիվ կոնգրեսականներ են հայտարարում, որ լիակատար ճշմարտությունը չի բացահայտվի այնքան ժամանակ, քանի դեռ Կոնգրեսի երկու պալատների հանձնաժողովները գտնվում են նախագահի կուսակից հանրապետականների վերահսկողության ներքո։

Ինչպես դեմոկրատ սենատորներից Մարթին Հայնրիխն է ասում, ՝՝Հարկավոր է կազմել անկախ, ոչ կուսակցական հանձնաժողով, որը կզբաղվեր միայն այս հարցի հետաքննությամբ։ Մենք չենք կարող թույլ տալ քաղաքական որեւէ ճնշում՛՛։

Իսկ մինչ Ամերիկայում քննարկում են նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը, շատերն են ենթադրում, որ Ռուսաստանը ներկայումս էլ գործուն կերպով միջամտության փորձեր է կատարում Ֆրանսիայի ընտրությունների նախաշեմին։

XS
SM
MD
LG