ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց նախագահական գործադիր եւս մեկ հրամանագիր։
Այս հրամանագրով կասեցվում է երկրագնդի ջերմացման դեպ պայքարելու նախորդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի որդեգրած ծրագիրը։ ՝՝Մաքուր էներգիա՛՛ անվանումը ստացած ծրագիրը նախատեսում էր կրճատել երկրագնդի ջերմացման գլխավոր պատճառ հանդիսացող ջերմոցային գազերի արտանետումների ծավալները ու զարկ տալ մաքուր էներգիայի արտադրությանը։
Թրամփը դեռեւս նախընտրական արշավի ժամանակ էր խոստանում վերացնել ՝՝Մաքուր էներգիայի՛՛ ծրագիրը՝ հայտարարելով, որ ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու արդյունքում մեծ վնաս է հասցվում տնտեսությանը։
Այսօր նա ասում է, որ եթե ամերիկյան ձեռնարկություններն ավելի ազատ կերպով կիրառեն նավթ, գազ ու ածուխ, արագ կզարգանա տնտեսությունը, կբացվեն մեծ թվով աշխատատեղեր եւ կնվազի ներկրվող վառելանյութից Ամերիկայի կախվածությունը։
Նրա ընդդիմախոսները նույնպես կարծում են, որ կբացվեն նոր աշխատատեղեր, սակայն ոչ թե քարածխի հանքերում, այլ՝ փաստաբանական ծառայություններում։ Ընդդիմախոսները նկատի ունեն գործադիր որոշումը դատարաններում հայտնվելու եւ դատական երկարատեւ գործընթացների հնարավորությունը։
Սպիտակ տունը հայտարարում է, թե Թրամփի հրահանգը ՝՝երաշխավորում է, որ էներգիան ու էլեկտրաէներգիան կլինեն ավելի մատչելի, վստահելի ու մաքուր, ինչը զարկ կտա տնտեսության զարգացմանը։
Բնապահպանների խոսքերով, նոր վարչակազմն այս հարցում ՝՝երկիրը տանում է տրամագծորեն հակառակ ուղղությամբ՛՛։
Ինչպես վերլուծաբաններն են ասում, Թրամփը փորձում է փոփոխության ենթարկել երկրագնդի ջերմացման գլխավոր պատճառ հանդիսացող ածխաթթու գազի արտանետումները վտանգավոր համարելու համոզմունքը։ Նրանք հիշեցնում են, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ հաճախ է պնդել, որ ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու մասին Փարիզում 2Օ15 թվականին կնքված միջազգային գործարքն արդար չէ ԱՄՆ-ի հարցում։ Նա ավելի ուշ ընդունել է, որ ինչ որ կապ կա մարդու գործունեության ու երկրագնդի ջերմացման միջեւ։ Սակայն դեռեւս պարզ չէ, թե Ամերիկան ինչ կերպ է մոտենում փարիզյան գործարքին։
Սակայն ինչ կերպ էլ մոտենա, ամենամեծ ծավալներով ածխաթթու գազ դեպի երկրի մթնոլորտ արտանետող ամենախոշոր տերությունները՝ Չինաստանը, Հնդկաստանը եւ Եվրոպական Միությունը խոստացել են հավատարիմ մնալ գործարքին։
Facebook Forum