Մատչելի հղումներ

«Ժամանակն է կարգավորում գտնել». ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդ


Հայասստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել «արցախա-ադրբեջանական հակամարտության շփման գծում տիրող իրավիճակին»:

Համանախագահներին ընդունել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը;

Ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը մամուլի ասուլիսով ավելի ուշ պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին և ասել, որ սեղանին դրված է մի ծրագիր, որը շատ համապարփակ է, բաղկացած՝ երեք մասից։ Սակայն, ճիշտ չի լինի, ասել է նա, որ ինքը մանրամասներ հաղորդի, քանի որ բանակցող երկու կողմերը պետք է աշխատեն տարբեր ասպեկտների շուրջ: «Դիվանագիտությունը նման է թղթախաղի, երբ քարտերը քո ձեռքում են, ամբողջը չես նետում սեղանին, որ բոլորը տեսնեն»։

«Կարևոր է, որ երկու կողմերի բարձրագույն ղեկավարության մակարդակում լինի քաղաքական կամք՝ վերադառնալու բանակցություններին, որ հնարավոր լինի գտնել խաղաղ կարգավորում։ Ղեկավարների և ժողովուրդների գործն է, ինչպես պետք է ապրել խաղաղության մեջ և ինչպես պետք է հասնել բարեկեցության։ Ժամանակն է վերադառնալ բանակցությունների սեղանին ու կարգավորում գտնել»։

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն ասել է, թե «փակուղի» բառը չի սիրում, և իր գնահատմամբ, ներկայումս բանակցային գործընթացը դանդաղել է։ Նրա խոսքով, իրենք՝ համանախագահներն, ասում են, որ ժամանակն է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ «Նախ՝ ԱԳ նախարարները պետք է նստեն, լրջորեն և ազնիվ կերպով միասին խոսեն, նախապատրաստեն հիմք նախագահների հանդիպման համար։ Չեմ կարծում, որ այս պահին կա որևէ դետալ, որևէ մանրամասն, որը կցանկանայինք կողմերից մեկին ներկայացնել։ Մենք ցանկանում ենք ներկայացնել այն պայմանները, որոնց ներքո կողմերն իրենց կրկին հարմարավետ կզգան, միմյանց հետ կխոսեն, կբանակցեն։ Հենց դա է կարևորը, էականը»,- ասել է համանախագահը։ Նա շեշել է նաեւ, որ արտգործնախարարների հանդիպումը կկայանա առաջիկայում՝ ոչ թե ամիսներ անց, այլ՝ ավելի վաղ, և այդ հանդիպման ընթացքում հիմք կստեղծվի նախագահների մակարդակով հանդիպման համար։

Հարցին, թե արդյոք նոր ծրագրի առաջարկը Ռուսաստանի կողմից է արվել, թե Մինսկի խմբի բոլոր միջնորդների, դեսպան Հոգլանդը չի մանրամասնել, սակայն շեշտել է, որ այդ ծրագիրը արժանացել է միջազգային հանրության, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և այդ երկրները ներկայացնող կառավարությունների հավանությանը։

Ավելի վաղ Ռիչարդ Հոգլանդն այցելել էր Բաքու, որտեղ հանդես էր եկել նույն հայտարարություններով. «Բոլորը գիտեն, որ մի քանի օրից Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների տարելիցն է։ Մեր ուղերձն այն է, որ տարելիցը է նշվի բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե ռազմադաշտում»,- ասել է նա։

Facebook Forum

XS
SM
MD
LG