Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը հաղթել է իր հակառակորդ սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը Սահարլանդի նահանգում կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Այստեղ ակնկալվում էր դժվարին պայքար այն բանից հետո, երբ սոցիալ-դեմոկրատները առաջ քաշեցին Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարթին Շուլցի թեկնածությունը: Չնայած դրան՝ հաղթանակը հեշտությամբ տրվեց քրիստոնյա դեմոկրատներին։
«Մենք միասին ենք պայքարել Անգելա Մերկելի հետ և ցույց ենք տվել մեր հավատարմությունը: Սահարլենդի ընտրողներն իրենց ձայները տվեցին մեզ և ապացուցեցին, որ չեն ցանկանում քաղաքական խաղեր սկսել ձախակողմյան ուժերի հետ: Դա անիմաստ է ողջ Գերմանիայի համար»,- հայտարարել է Սահարլենդի նահանգի վարչապետ Անեգրեթ Քրամբ-Քարենբահուերը:
Սոցիալ դեմոկրատական կուսակցության համար սա առաջին փորձությունն էր այն բանից հետո, երբ հունվարին կուսակցությունն առաջ քաշեց Մարթին Շուլցի թեկնածությունը՝ Մերկելին փոխարինելու համար:
«Այն փաստը, որ այսօր մենք պարտվեցինք, չի նշանակում, որ չենք հասնի դաշնային կառավարության փոփոխման մեր հիմնական նպատակին: Սա ուղերձ էր մեզ, որ սպասվում է երկարատև պայքար»,- հայտարարել է Շուլցը:
Հակաիմիգրացիոն և ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստացել է ձայների 6 տոկոս, որի արդյունքում մեծացրել է իր ներկայությունը Գերմանիայի նահանգներում: Այն այժմ ներկայացված է Գերմանիայի 16 նահանգներից 11-ում:
Facebook Forum