49-ամյա Արթուր Սարգսյանին հասարակությունը «Հաց բերող» անունով կնքեց՝ ՊՊԾ շենքը օրեր շարունակ պաշարման մեջ պահող և առանց սնունդ մնացած «Սասնա Ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցնելու համար:
Արթուր Սարգսյանն իր ավտոմեքենայով, որի մեջ սնունդ էր, ոստիկանների կրակոցների տարափի տակ՝ հաղթահարելով բոլոր արգելքները, մտավ ՊՊԾ գունդ, իր արածը բացատրելով, թե ուղղակի չէր կարող մարդկանց թողնել առանց հացի։
Հասարակությունը գնահատեց նրա արարքը և Արթուր Սարգսյանը դարձավ «Հաց բերող», սակայն իրավապահ մարմինները այդ արարքը բնութագրեցին քրեական օրենսգրքի հատկանիշներով։
2016 թվականի հուլիսի 31-ին «Սասնա Ծռերի» կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը մյուսների հետ կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով բնութագրում է պատանդ վերցնելու հանցանքի հատկանիշները և 235 հոդվածի 3-րդ մասով, որն էլ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու և փոխադրելու հատկանիշներն է բնութագրում։ Օգոստոսի 5-ին Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակավորվեց՝ որպես զինված խմբի անդամներին օժանդակություն։
Փաստաբաններն այս ամբողջ ընթացքում պնդում էին, որ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը և, նրա թույլ տված արարքը հաշվի առնելով, նրան կալանքի տակ պահել չի կարելի։ 2016 թվականի դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանին կալանքից ազատելեցին՝ փոխելով խփանման միջոցը, ապա կրկին, 2017 թվականի փետրվարի 9-ին նա ձերբակալվեց:
Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, և հրաժարվեց հացից ու բուժօգնությունից 26 օր, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը, որ առանց այդ էլ վատ էր, ավելի վատթարացավ։ Թեև բժիշկներն էլ պնդում են, որ վստահաբար ասել, թե արդյոք նրա առողջական վիճակի վատթարացումը կալանքի կամ հացադուլի հետևանք էր ՝ միանշանակ դժվար է գնահատել։
Մի քանի պատգամավորների միջնորդությամբ, Հաց բերողը մարտի 6-ին ազատ արձակվեց և տեղափոխվեց «Արմենիա» ԲԿ: 10 օր անց՝ մարտի 16-ին նա մահացավ:
Շանթ Հարությունյանի որդի Շահենը, որը նստացույց էր կազմակերպել Հաց բերողին ազատ արձակելու պահանջով, այսօր նորից կոչ արեց հավաքվել Ազատության հրապարակում, երթով գնալ դեպի ՀՀ արդարադատության նախարարություն և պահանջել նախարարի հրաժարականը։
Մինչև արդարադատության նախարարություն քաղաքացիների երթն ուղեկցվեց ոստիկանների հետ փոքրիկ միջադեպերով։ Ոստիկանությունը փորձում էր զերծ մնալ հնարավոր բախումներից, Շահեն Հարությունյանը կոչ էր անում ոստիկաններին զգույշ մնալ և քաղաքացիների ազատ խոսքին և բողոքի արտահայտմանը չխոչընդոտել։
Երթի խորհրդանիշը սև ժապավենով կապված հացն էր։ -«Ձեզ, պարոն Օսիկյան, Հաց բերողի հացից բաժին չի՞ հասել», հարցնում էին բողոքավորները, իսկ պատանդի կարգավիճակում ՊՊԾ գնդում օրեր անցկացրած ոստիկանը մի քանի անգամ կրկնեց, որ ցավում է հաց բերողի մահվան համար, բայց կարգն ու օրենքը խախտել, միևնույնն է, չի թույլատրվում։
«Հաց բերողի» մահվան կապակցությամբ ՕՐՕ-ն և «Ծառուկյան» դաշինքները մարտի 17-ին դադարեցնում են քարոզարշավը։
Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը Արաբկիրում համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ Հաց բերողի մահվան վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան արձագանքեց՝ «Շատ մեծ ցավ եմ ապրում, շատ»։