Մատչելի հղումներ

Որքա՞ն է կազմում Վլադիմիր Պուտինի հարստությունը


Russian President Vladimir Putin attends a meeting of the Board of the Prosecutor General's Office in Moscow, Russia, March 14, 2017.
Russian President Vladimir Putin attends a meeting of the Board of the Prosecutor General's Office in Moscow, Russia, March 14, 2017.

Որքա՞ն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարստության չափը: Միացյալ Նահանգների Սենատում այսօր անցած լսումների ընթացքում հնչել է նաեւ Պուտինի հարստության մասին հարցի նախնական պատասխանը:

Լսումներին ներկա մասնագետներից սենատորներն առաջին հերթին ցանկանում էին պարզել, թե որքան ազդեցիկ են Մոսկվայի դեմ ընդունված պատժամիջոցները: Սենատոր Մայք Քրափոյի խոսքով, չնայած երկու տարի շարունակվող պատժամիջոցներին եւ նավթի գների անկմանը, Մոսկվայի քաղաքականությունն Ուկրաինայում չի փոխվում: Ի պատասխան, փորձագետները նշեցին, որ պատժամիջոցների արդյունավետության համար կարեւոր է պահպանել չորս սկզբունք՝ շարունակել պատժամիջոցները դաշնակից երկրների հետ համատեղ, շարունակել դիվանագիտական եւ ճնշման այլ միջոցներ, կապել պատժամիջոցների հանումը Մոսկվայից ակնկալվող հստակ քայլերի հետ եւ մնալ ճկուն:

Ռուսաստանն ի պատասխան փորձում է քանդել պատժամիջոցների նկատմամբ միասնությունը, նշում է Նոր Ամերիկայի անվտանգության կենտրոնի վերլուծաբան Էլիզաբեթ Ռոզենբերգը.

«Այս սկզբունքներից առավել խոցելին պատժամիջոցները բոլոր դաշնակիցների կողմից անխտիր պահպանումն է, քանի որ ԱՄՆ-ի նոր վարչակազմից հակասական ազդանշաններ են ստացվում»:

Միեւնույն ժամանակ, Եվրամիության երկրների կողմից ընդունված պատժամիջոցներն ավելի մեղմ են եւ որոշակի լծակներ են թողնում պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի կողմից.

«Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանումը Եվրոպային ավելի խոշոր տնտեսական վնասներ է հարուցում, քանի որ այդ երկրներից ոմանք սերտ կապված են Ռուսաստանի հետ առեւտրային կապերով: Ուստի, նրանք լծակներ են թողնում որոշակի համագործակցության համար»:

Հայ-ամերիկյան բարեկամության խմբի անդամ սենատոր Բոբ Մենենդեզն իր կողմից ընդգծեց, որ քանի դեռ Մոսկվան չի կատարել միջազգային հանրության պահանջները եւ շարունակում է խախտել միջազգային իրավունքը, պատժամիջոցները պետք է պահպանվեն.

«Հավատացած եմ, որ տնտեսական պատժամիջոցները մեր ունեցած խաղաղ դիվանագիտության առավել արդյունավետ գործիքներից է, եթե խոսքը գնում է ոչ ռազմական ներգրավման մասին»:

Լսումների ընթացքում սենատոր Բենջամին Սասսը որոշեց պարզել Ռուսաստանի նախագահի իրական հարստությունը.

«Որքա՞ն հարուստ է Վլադիմիր Պուտինը»

«Մեր կարծիքով շատ հարուստ է, սակայն, նրա ունեցվածքը երկար տարիներ հարցականի տակ է մնում», նշեց Էլիզաբեթ Ռոզենբերգը:

«Հանրային տվյալների հիման վրա կարելի է ասել, որ նրա կարողությունը հասնում է միլիարդավոր, միգուցե, տասնյակ միլիարդավոր դոլարների», - ավելացրեց Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի վերլուծաբան Էրիկ Լորբերը: Իսկ Ջորջթաունի համալսարանի դասախոս Ռոդնի Լուդեման նշեց.

«Նա հաստատ կարող է ազատ կերպով իր նպատակներով ծախսել իր ձեռքի տակ եղած հսկայական գումարները»:

Սենատոր Սասսը շարունակեց.

«Կարո՞ղ եք հիշեցնել մեզ նրա կյանքի պատմությունը, նրա զբաղեցրած աշխատատեղերը: Ինչպե՞ս է նա հարստացել»:

«Կոռուպցիայի միջոցով», - միանշանակ պատասխանեց Լուդեման:

«Ես Վլադիմիր Պուտինի գիտակը չեմ, սակայն, կասեի, որ երկար տարիներ Վլադիմիր Պուտինը ՊԱԿ-ի գնդապետ է եղել, որից հետո... դարձավ տասնյակ միլիոնավոր դոլարների տեր՝ հիմնականում կոռուպցիայի եւ պետական ընկերությունների վճարների միջոցով», - եզրափակեց Էրիկ Լորբերը:

XS
SM
MD
LG