ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն իր առաջին ասիական այցի շրջանակում կժամանի Պեկին՝ երկու խոշոր տերությունների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունները քննարկելու համար:
«Մենք ցանկանում ենք կառուցողական քննարկում ունենալ Չինաստանի հետ, որի միջոցով կկարողանանք բացահայտել խնդիրներն ու առաջընթաց գրանցել դրանց լուծման հարցում»,- հայտարարել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Սուսան Թորոնթոնը:
Նախագահ Թրամփն իր քարոզարշավի ընթացքում հաճախակի է անդրադառձել Չինաստանին և սպառնացել, որ կվերանայի Չինաստանից ներմուծվող ապրանքների տուրքերը: Նա նաև քննադատել է Չինաստանի արժութային քաղաքականությունը: Սակայն նախագահ Թրամփի ու Չինաստանի նախագահի միջև վերջին հեռախոսազրույցը կարծես որոշակի դրական միտում է արձանագրել երկրների միջև հարաբերություններում: Չնայած դրան՝ հնարավոր առևտրային պատերազմի վտանգը շարունակում է մտահոգել Չինաստանին:
«Մենք չենք ցանկանում առևտրային պատերազմ մեր երկրների միջև: Դա օգուտ չի բերի ոչ մեկիս: Մենք հույս ունենք, որ անկախ հարաբերությունների վատթարացումից, ամեն ինչ կընթանա դրական հունով»,- հայտարարել է Չինաստանի վարչապետ Լի Կեքիանգը:
Երկու երկրներն ունեն գլոբալ տնտեսություններ և շահեր, նշում են փորձագետները: Սակայն Թրամփի վարչակազմի առաջ քաշած «Ամերիկան առաջնային է» կարգախոսը շարունակում է անորոշության մեջ պահել համաշխարհային հանրությանը: Չինաստանի հետ հետագա հարաբերությունների ընթացքը այս առումով բացառություն չէ: