«Ազատություն» ռադիոկայան
Այսօր վախճանվել է որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանը։
Այս մասին «Ազատությանը» հայտնել է Սարգսյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանը: Փաստաբանն այս առնչությամբ այլ մանրամասներ չի փոխանցել։
Անցած ամռանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սանսա ծռեր» զինված խմբի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ․ գնդի տարածքը գրավելու օրերին նա ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել գնդի տարածք։
Դեկտեմբերի վերջին, հաշվի առնելով առողջական վիճակը, Սարգսյանին ազատ էին արձակել: Փետրվարի 9-ին, սակայն, նրան Հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ դարձյալ էին կալանավորել։ ՀՔԾ-ն կալանքի հիմք էր համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չէր ներկայացել քննչական մարմին: Կրկին անազատության մեջ հայտնվելու հաջորդ օրվանից նա անժամկետ հացադուլ էր հայտարարել:
Մարտի 6-ին Ազգային ժողովի 27 պատգամավորների անձնական երաշխավորությամբ «Հաց բերողը» կրկին ազատ էր արձակվել և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ նա այսօր մահացավ։