Ամերիկյան դատարանները կքննեն մահմեդական 6 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ-ն ժամանակավորապես արգելելու մասին Դոնալդ Թրամփի վերանայած հրամանագիրը:
Դաշնային դատարանները Մերիլանդ, Հավայի ու Վաշինգտոն նահանգներում կլսեն երկու կողմերի փաստարկներն այս որոշման մասին:
Առաջին նման դատական գործը հարուցվել է Հավայի նահանգում: Նահանգի արդարադատության նախարարն հայտարարել էր, որ այս որոշումը կանդրադառնա նահանգի մահմեդական բնակչության, տուրիզմի ու օտարերկրյա ուսանողների վրա:
Երեք նման գործեր ընթացքի մեջ են նաև Վաշինգտոն նահանգում: Այս գործերն այժմ վերաքննիչ դատարանում են, ուր քննարկվում է նախագահ Թրամփի դեռևս հունվարի 27-ի ՝առաջին որոշումն արգելքը: Այն քաոսային իրավիճակ էր ստեղծել օդանավակայաններում: Արդյունքում, որոշումը վիճարկվել էր դաշնային դատարաններում ՝ կասեցնելով դրա իրականացումը:
Թրամփի նոր հրահանգով Իրաքը դուրս է բերվել արգելափակման տակ ընկնող երկրների շարքից, ինչպես նաև 120 օրով դադարեցվել է բոլոր փախստականների մուտքը ԱՄՆ-ը:
Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում նախագահ Թրամփը բազմիցս արտահայտվել է մահմեդականների ու փախստականների մուտքն ԱՄՆ-ը արգելելու օգտին: