Արևմտյան Լոս Անջելեսում իրանական ծագումով ամերիկացիները պատրաստվում են տոնել Նովրուզը՝ իրանյան Ամանորը: Սովորաբար տոնական այս օրերին իրանական համայնքի տուրիստական ընկերությունները չափազանց զբաղված են լինում, սակայն ոչ այս տարի:
«Մարդիկ այժմ ավելի շատ հարցեր են բարձրացնում, քան պատվերներ տալիս»,- ասում է տուրիստական ընկերության սեփականատեր Շերի Թահուրին:
Մեկ այլ տուրիստական ընկերության սեփականատեր Ֆարհադ Բեշարաթին ասում է, որ Թրամփի մահմեդականների մուտքն արգելափակող որոշման պատճառով անգամ ԱՄՆ-ի քաղաքացիներ հանդիսացող իրանցիներն են վախենում այցելել Իրան: Այս երկիրն ընդգրկված է այն 6 երկրների շարքում, որոնց քաղաքացիների մուտքը ժամանակավորապես արգելվում է Միացյալ Նահանգներ:
«Մեր երկիր ներխուժել են բազմաթիվ փախստականներ Եվրոպայից կամ Սիրիայի ու Իրանի նման երկրներից: Նրանց մուտքը պետք է արգելել»,- ասում է Թրամփի աջակից Մաուրին Մարթինը
Թրամփի գործադիր հրահանգն ազդել է նաև Միացյալ Նահանգներում սովորող իրանցի ուսանողների վրա:
«Բազմաթիվ բժշկական ոլորտի ուսանողներ չեն կարողացել վերադառնալ: Նրանց կարգավիճակը, ուսումնական աստիճանը դեռևս ընթացքի մեջ է, իսկ նրանք չեն կարողանում վերադառնալ: Դա արդար չէ»,- ասում է Ռոզե Յուսուֆին:
Սակայն իրանական համայնքը հույս ունեն, որ որոշ ժամանակ անց իրավիճակը կփոխվի: Ակնհայտ է, որ դա տեղի չի ունենա այս Նովրուզի ժամանակաշրջանում: Հինգշաբթի օրը նախագահ Թրամփի գործադիր հրահանգի մասին լսումներ պետք է տեղի ունենան ամերիկյան դատարաններում: