Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի լրտեսական գործակալությունները մտահոգված են ՝՝Վիքիլիքս՛՛-ի հրապարակումներով


ԱՄՆ-ի լրտեսական գործակալությունները մտահոգված են ՝՝Վիքիլիքս՛՛-ի հրապարակումներով
please wait

No media source currently available

0:00 0:02:13 0:00

ԱՄՆ-ի լրտեսական գործակալությունը հրապարակային կերպով մտահոգություն է արտահայտում ՝՝Վիքիլիքս՛՛ ինտերնետային կայքի միջոցով տարածված փաստաթղթերի առնչությամբ՝ նախազգուշացնելով, որ բոլոր ամերիկացիներին պետք է ՝՝մեծապես հուզի՛՛ փաստաթղթերի հրապարակման փաստը։

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) խոսնակը հրաժարվում է մեկնաբանել, թե որքանով են ՝՝Վիքիլիքս՛՛-ի հրապարակած 8771 փաստաթղթերում նկարագրված դեպքերը համապատասխանում իրականությանը, սակայն հայտարարում է, թե ՝՝ահաբեկիչներից ու թշնամիներից ամերիկացիներին պաշտպանելու գործում հետախուզական կառույցների կարողությունները հարցականի տակ դնելու ՝՝Վիքիլիքս՛՛-ի մտադրությունը չի կարելի դնել կասկածի տակ՛՛։

Սպիտակ տան խոսնակ Շոն Սպայսերի խոսքերով էլ, յուրաքանչյուրին պիտի մտահոգի գաղտնի տեղեկությունները հրապարակելու փաստը։

՝՝Այն փաստը, որ ժամանակ առ ժամանակ հրապարակվում են ազգային անվտանգության ու գաղտնի տեղեկությունների մասին փաստաթղթեր, պիտի զայրացնի այս երկրում բոլորին։ Սրանք այնպիսի բացահայտումներ են, որոնք վնաս են հասցնում մեր երկրին, մեր անվտանգությանն ու բարեկեցությանը՛՛։

Կենտրոնական հետախուզական վարչության օրինակով, Սպայսերը հրաժարվում է մեկնաբանել ՝՝Վիքիլիքս՛՛-ի հրապարակած փաստաթղթերում նշված տեղեկությունների ճշմարտացիությունը։ Սակայն կիբերանվտանգության հարցերով մի քանի փորձագետներ ու հետախուզության նախկին աշխատակիցներ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասել են, թե դրանք թվում են ճշմարտացի։

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի միջազգային հարաբերությունների հարցերով դասախոս Ջոնաթան Արանսոնի խոսքերով, փաստաթղթերն ապացուցում են, որ Կենտրոնական հետախուզական վարչությունը կատարել է իր առջեւ դրված պարտականությունները։

՝՝Երկրի կառավարությունը Կենտրոնական հետախուզական վարչությանն ամեն տարի միլիարդավոր դոլարներ է հատկացնում, որի մի մասը, ինչպես եւ նախատեսված է, պիտի ծախսվի լրտեսություն իրականացնելու համար։ Լրտեսելու ոչ թե ամերիկացիներին, այլ՝ բոլոր այլոց։ Կարծում եմ, հասկանալի է, որ նրանք ունեն նման կարողություններ։ Հասկանալի է այնքան ժամանակ, քանի դեռ դրանք կիրառվում են ԱՄՆ-ի օրենքներին համապատասխան։ Հարկավոր չէ զարմանալ, եթե այդ գործիքներն ուղղված չեն ընդդեմ ամերիկացիների՛՛։

՝՝Վիքիլիքս՛՛-ը հայտարարում է, թե փաստաթղթերը ձեռք է բերել ԱՄՆ-ի կառավարության նախկին մի հաքերից։ Իսկ հետախուզության պաշտոնատար անձանցից մեկը, խնդրելով չհրապարակել իր անունը, ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասել է, թե դրանց աղբյուրը հավանաբար ԿՀՎ-ի պայմանագրային ինչ որ աշխատակից է։

Սակայն ԱՄՆ-ի ու Արեւմուտքի երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին ավելի շատ մտահոգում է այս հարցում Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը։

ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունները դեռեւս հունվար ամսին էին հրապարակել մի զեկույց, ըստ որի եզրակացության ՝՝շարունակական հարաբերություններ են առկա Ռուսաստանի հետախուզության ու ՝՝Վիքիլիքս՛՛-ի միջեւ՛՛։

XS
SM
MD
LG