Եվրամիությունն ու Հայաստանը նոր պայմանագրի միջոցով ցանկանում են պահպանել համագործակցության գոնե նվազագույն աստիճանը, նշում են ԱՄՆ-ի փորձագետները: Արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Ուեյն Մերրին նշում է՝ նոր փաստաթուղթն անհամեմատ նեղ է, քան երեք տարի առաջ նախապատրաստվող պայմանագիրը.
«Լավ նորությունն այն է, որ Բրյուսելում Հայաստանի նկատմամբ հույսը վերջնականապես չեն կորցրել, ու ոչ մի դեպքում չպետք է կորցնեն»:
Քարնեգիի հաստատության վերլուծաբան Թոմ Դե Վաալի կարծիքով, նոր փաստաթղթից որեւէ տնտեսական շահեր ակնկալել չարժե.
«Սա իրականում քաղաքական համաձայնագիր է, որը հեռավոր ապագայում կարող է Հայաստանի համար հեշտացված վիզաների ռեժիմի հանգեցնել»:
Ուեյն Մերրին նշում է, որ Հայաստանի ներկա վիճակը պայմանավորված է երկրի կառավարության կողմից կատարած ռազմավարական ընտրությամբ, որը որոշել է իր ապագա անվտանգությունն ու տնտեսական զարգացումը կապել միայն Ռուսաստանի հետ.
«Արդյունքում Հայաստանն այսօր ծայրաստիճան մեկուսացված երկիր է, թե՛քաղաքական, եւ թե՛ տնտեսականառումով»:
Հայաստանի մեկուսացման պատճառը փորձագետները տեսնում են Ռուսաստանից անվերապահ կախվածության տակ գտնվելու մեջ.
«Քանի դեռ Ռուսաստանի հետ պահպանվում է այս աստիճանի ամուր տնտեսական եւ ռազմական կապ, Եվրամիության հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունները մնալու են երկրորդական», - նշում է Թոմ Դե Վաալը:
Ուեյն Մերրին այս հարցում ավելի կտրուկ է տրամադրված.
«Երեւանն անվերադարձ նվիրվել է Մոսկվայի հետ հարաբերություններին, որի արդյունքում արգելքների է հանդիպում ցանկացած այլ երկրի հետ հարաբերությունների զարգացման ճանապարհին: Խոսքը ոչ միայն Եվրամիության կամ Միացյալ Նահանգների, այլ նույնիսկ Չինաստանի հետ հարաբերությունների մասին է, որի հետ սերտացնում են կապերը հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը»: