Բազմաթիվ պատմություններ են շրջանառվում հունգարական սահմանապահների բռնությունների մասին Սերբիայից Եվրամիության անդամ հանդիսացող Հունգարիա փախստականների՝ անօրինական մուտք գործելու փորձերի ժամանակ:
Փախստականներից շատերը պատմում են, որ նրանք ծեծի են ենթարկվել հունգարացի սահմանապահների կողմից սերբ-հունգարական սահմանն անօրինական կերպով հատելիս: Նրանք շատ վատ պայմաններում են գտնվում, սակայն տրամադրված են նորից փորձել անցնել երկու երկրները բաժանող մետաղյա պատնեշը: Նրանք այն անվանում են ջունգլիներ:
«Մենք երկու-երեք անգամ փորձել ենք հատել սահմանը, սակայն բռնվել ենք հունգարական ջունգլիներում, ուր մեզ ուժեղ ծեծի են ենթարկել, որի արդյունքում ընկերներիցս մեկին ստիպված տարել ենք հիվանդանոց»,- ասում է Չիման Պակիստանից, ով հրաժարվեց տալ իր իսկական անունը:
Մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները սահմանում հաստատված փախստականներին օգնություն են ցուցաբերում: Հունգարական կողմը կոշտ դիրքորոշում է որդեգրել փախստականների նկատմամբ՝ մեծացնելով փախստականների որսով զբաղվող հատուկ ջոկատայինների թիվը:
«Ամանորից ի վեր գրեթե ամեն օր ստանում ենք տեղեկություն, որ մարդկանց նախքան ուղարկելը Սերբիա ծեծում են, ստիպում հանել շորերն ու թողնում այդպես այս սառը եղանակին: Բռնությունների թիվն աճել է ամռան ամիսների հետ համեմատ »,- ասում է Դեն Սոնգը Ֆրեշ Ռիսփոնս կազմակերպությունից:
Նրանց համար, ովքեր ստանում են օրինական մուտքի իրավունք իրավիճակն այլ է, բայց նման մարդկանց թիվը չափազանց փոքր է: Սերբիայում գտնվող 7500 փախստականներից նման իրավունք է ստանում օրական միայն 10 մարդ:
Հունգարական սահմանապահների ջոկատներն ենթարկվում են սահմանամերձ տեղական կառավարման մարմիններին, որոնք հերքում են բռնության մեղադրանքները և վճռական են պաշտպանելու սահմանը անօրինական ներգաղթյալներից: Աղբյուրների վկայությամբ սահմանային որոշ գյուղերում տեղական կառավարման մարմիններն արգելում են հանրային վայրերում իսլամական կրոնի դրսևորումները: