Նահանգապետերի հետ հանդիպման ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձավ առողջապահության ոլորտին, մասնավորապես նախկին նախագահ Բարաք Օբամայի ընդունած օրինագծին, որը հայտնի է որպես ՝՝Օբամաքեեր՛:
«Մենք հետ ենք կանչելու ՝՝Օբամաքեեր՛՛-ը և այն փոխարինելու ենք նոր օրենքով՝ լիազորելով նահանգներին ավելի ճկուն մոտեցում ցուցաբերել առողջապահությանը՝ իրական արդյունքի հասնելու համար»,- հայտարարել է Թրամփը:
Նախագահը բազմիցս խոստացել էր փոխարինել Օբամաքեերը նոր օրենքով, սակայն առայսօր չեն տրամադրվել այն մանրամասները, թե ինչպիսի օրենք է առաջարկվում դրա փոխարեն:
Վերջին շրջանում տարբեր քաղաքների քաղաքապետարաններում բողոքի դրսևրումների ընթացքում առողջապահական ոլորտի խնդիրներով մտահոգված ընտրողները պահանջում էին իրենց կոնգրեսականներից պատասխանել առողջապահական ոլորտի ապագայի հետ կապված հարցերի:
Հանրապետական առաջնորդներն ու Սպիտակ տունն ընդգծում են, որ իրենց նպատակն այն է, որ առողջապահական ոլորտի ապահովագրությունը հասանելի լինի բոլորին:
«Մենք չենք պատրաստվում մարդկանց ստիպել գնելու այն, ինչը, որ նրանք չեն ցանկանում գնել: Մենք մարդկանց կտանք ընտրության իրավունք և ազատություն: Այսպիսին պետք է լինի առողջապահության ոլորտը, ուր քաղաքացու կարիքները լինեն կենտրոնում»,- ասում է Փոլ Ռայանը:
Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ առանձին հանդիպման ընթացքում նախագահ Թրամփը կրկին ընդգծել է, որ իր նպատակն է ստեղծել մրցակցություն և նվազեցնել առողջապահական ծախսերը:
Երկու կուսակցությունների նահանգապետերը հույս են հայտնել, որ հնարավոր կլինի հասնել համաձայնության Օբամաքեերի վերանայման հարցում: Այս խնդիրը մտահոգում է միլիոնավոր ամերիկացիների: