Մատչելի հղումներ

Կոնգրեսականները պահանջում են հետաքննել ընտրությունների ընթացքում ազդեցություն գործելու Ռուսաստանի դերը


Վաշինգտոնում աստիճանաբար աճում է քաղաքական այն գործիչների թիվը, ովքեր պահանջում են կազմել անկախ մի մարմին՝ քննելու համար նախագահական անցած ընտրությունների ընթացքում Ռուսաստանի հնարավոր ազդեցությունը։ Սպիտակ տունն իր հերթին փորձում է մեղմել հակասությունները, երբ նախագահը պատրաստվում է հանդես գալ Կոնգրեսի առջեւ առաջին ելույթով։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համար նախագահի պաշտոնավարման առաջին ամիսը հեշտ չի կարելի անվանել։ Նրա առջեւ ծառացած ամենամեծ խնդիրներից մեկը ընտրությունների ընթացքին միջամտելու Ռուսաստանի փորձն է։

Այս հարցով հետաքննություն սկսելու կոչով են հանդես գալիս նաեւ հանրապետական կոնգրեսականներից ոմանք։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որեւէ հետաքննություն պիտի իրականացվի Թրամփի ջերմ աջակից, արդարադատության նախարար Ջեֆ Սեշընզի ղեկավարության ներքո՝ հանրապետական կոնգրեսական Դարել Իսսան ասում է, թե հարկավոր է պարզապես կազմել անկախ մի մարմին։

Սպիտակ տան խոսնակ Սառահ Սանդերսի խոսքերով. ՝՝Մենք լիովին վստահ ենք, որ ինչ հետաքննություն էլ իրականացվի, արդյունքը լինելու է նույնը՝ որ մենք որեւէ առնչություն չենք ունեցել ռուսների հետ՛՛։
Սպիտակ տունը նաեւ հայտարարում է, թե արդեն իսկ առաջ շարժվելու ժամանակն է։

՝՝Գալիս է ժամանակ, երբ հարկավոր է առաջ շարժվել եւ սկսել կենտրոնանալ ժողովրդին հուզող հարցերի վրա։ Բայց մենք այս հարցի շուրջ անընդհատ ենք խոսում ու խոսում, հարցնում ու պատասխանում՛՛, ասում է Սանդերսը։

Սակայն հատկապես դեմոկրատները հանդարտվել չեն փորձում։ Ինչպես կոնգրեսական Նենսի Փելոսին է ասում ABC-ին տված հարցազրույցում. ՝՝Արդարադատության նախարարն այս հարցի քննության կապակցությամբ պիտի հայտարարի ինքնաբացարկ։ Հարկավոր է անցկացնել հետաքննություն, որը կպարզի արդարությունը՛՛։

Կոնգրեսում հանրապետականների կողմից ղեկավարվող մի շարք հանձնաժողովներ արդեն սկսել են հետաքննել Ռուսաստանի իրականացրած գործողությունները։
Իսկ նախագահ Թրամփը չի թաքցնում իր զայրույթն այս գործընթացի ու անվերջ թվացող հակասությունների, ինչպես նաեւ դրանք մեկնաբանելու հարցում՝ մամուլի հանդեպ։

XS
SM
MD
LG