Նախքան նոյեմբերի նախագահական ընտրությունները ընդհանուր մոտեցումն այն էր, որ Դոնալդ Թրամփի նախագահ դառնալը բացասաբար կազդի տնտեսության վրա: Սակայն մեկ ամսվա նրա նախագահության շրջանում արժույթի շուկան դրական միտում է արձանագրում, սպառողները շարունակում են սպառել ֆինանսական միջոցները, իսկ ամերիկյան գործատուները գործի են վերցնում նոր աշխատողների: Հարց է ծագում, արդյոք փորձագետների կանխատեսումները սխալ էին Թրամփի տնտեսական ծրագրի վերաբերյալ:
The Moody’s Analytics հաստատության փորձագետ Մարկ Զանդին ասում է, որ փորձագետները չեն սխալվում: Նրա կարծիքով նախագահը դեռ չի իրանակացրել իր նախընտրական խոստումները:
«Նա ցանկանում է արտաքսել 11 միլիոն անօրեն ներգաղթյալների, 45 տոկոսի սակագին սահմանել Չինաստանի համար, 35 տոկոս սակագին՝ Մեքսիկայի։ Նա ցանկանում է իջեցնել հարկերը և մեծացնել պետական ծախսերը, որը 10 տարվա ընթացքում կառաջացնի 10 տրիլիոն դոլարի պակասորդ բյուջեում: Այս ամենի իրականացումը կբերի տնտեսական անկման»,- ասում է Զանդին:
Սակայն PNC ֆինանսական ծառայության փորձագետ Գաս Ֆոշերը համամիտ չէ Զանդինի հետ և կարծում է, որ Թրամփի նախաձեռնությունները, կապված հարկերի և պետական վերահսկողության նվազեցման հետ, վստահություն և լավատեսություն են ներշնչում ներդրողներին:
«Ներդրողները ակնկալում են ավելի մեծ տնտեսական աճ Թրամփի նախագահության օրոք, իրական տնտեսական աճ, ինչպես նաև ավելի բարձր սղաճ, որը ևս կմեծացնի եկամուտները»,- ասում է Ֆոշերը:
Սակայն Թրամփի տնտեսական ծրագրի շուրջ անորոշությունը շարունակում է մտահոգիչ լինել: Գոլդմեն Սաքս ընկերության կարծիքով ներդրողների վստահությունը հասել է իր գագաթնակետին, իսկ Recon Capital Partners ընկերության փորձագետ Քևին Քելին ասում է, որ շուկայի հետագա զարգացման ընթացքն անորոշ է: Փորձագետները մտահոգված են, որ նախագահ Թրամփի նախաձեռնությունները բացասաբար կանդրադառնան պետական ֆինանսավորմամբ ծրագրերի վրա: