ԱՄՆ-ի տարբեր հատվածներում տեղի են ունենում բողոքի ցույցեր քաղաքային մարմինների նիստերի ընթացքում: Զայրացած մարդիկ պահանջում են բացատրություններ Կոնգրեսում իրենց ներկայացուցիչներից և տեղի իշխանություններից՝ նախագահ Թրամփի վարչակազմի վարած քաղաքականության վերաբերյալ:
«Ես խոսք ունեմ ասելու կրթության ոլորտի մասին»,- հայտարարում է քաղաքացի Նաթ Փոլը
Այս բողոքի դրսևորումներին ականատես են եղել ամերիկացի կոնգրեսմենները, ովքեր վերադարձել են իրենց ընտրական շրջաններ Կոնգրեսի արձակուրդի ժամանակ: Տեղի բնակչությունն իրենց առջև բարձրացնում է բազմաթիվ հարցեր՝ Թրամփի վարչակազմի քաղաքականության հետ կապված, ներառյալ Օբամաքեյր ծրագրի դադարեցումը:
Օրերս Լուիզիանա նահանգում մարդկանց մի խումբ սուլել և թույլ չի տվել սենատոր Բիլ Քասիդիին շարունակելու իր խոսքը, երբ նա փորձում էր պաշտպանել նախագահ Թրամփի քաղաքականությունը:
Սպիտակ Տունը արձագանքել է՝ կասկածի տակ առնելով նման բողոքների իրական բնույթը:
«Կարծում եմ կան իհարկե դժգոհ մարդիկ, սակայն այստեղ նաև գործ ունենք արհեստական բողոքի ցույցերի հետ: Կարծում եմ գործ ունենք մի փոքր խումբ մարդկանց հետ, ովքեր անկայունություն են մցնում հիմնականում մամուլի ուշադրությունը գրավելու համար»,- ասում է Սպիտակ Տան խոսնակ Շոն Սփայսերը
Նախագահ Թրամփը ևս կասկածի տակ է առել բողոքի ցույցերի իրական լինելը՝ իր թվիթերյան գրառման մեջ նշելով, որ «որոշ հանրապետական օրենսդիրների շրջաններում այսպես կոչված զայրացած բողոքարարները մեծ մասամբ բեմադրված են լիբերալ ակտիվիստների կողմից»:
Որոշ հանրապետականներ այսօր խուսափում են մասնակցել քաղաքային մարմինների նիստերին՝ փորձելով չառնչվել բողոքարարների հետ: Նրանք մասնակցում են միջոցառումներին կոնֆերանս հեռախոսազանգերի միջոցով: