Շվեդիայում ահաբեկչական հարձակման մասին նախագահ Թրամփի հայտարարությունը լարվածություն է առաջ բերել իր դաշնակիցների հետ հարաբերություններում:
«Տեսեք ինչ է տեղի ունեցել անցած գիշեր Շվեդիայում: Ո՞վ կարող էր հավատալ դրան: Նրանք ընդունեցին շատ մարդկանց և այժմ ունեն խնդիրներ, որոնք չէին կարող պատկերացնել, որ երբևէ կունենան»,- հայտարարել է նախագահ Թրամփը
Շվեդ հանրությունը, սակայն, սոցիալական ցանցերի միջոցով հակազդեց նախագահ Թրամփին:
Հաջորդ օրը նախագահ Թրամփը ստիպված հայտարարեց, որ իր ակնարկը, որը հիմնված էր Fox News-ի Շվեդիայի ու ներգաղթյալների մասին նյութի հեռարձակման վրա, կապված չէր ահաբեկչական գործողության հետ:
Երկուշաբթի օրը նախագահ Թրամփի թվիթերյալ գրառումը, որով կեղծ լուրեր են կոչվել Շվեդիայում ներգաղթյալների հետ խնդիրների բացակայությունը, ևս որոշակի լարվածություն մտցրեց: Ավելի ուշ Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լովֆենն ասել է, որ ինքը զարմացած է նման հայտարարությունով:
«Մենք անկասկած ունենք մարտահրավերներ, սակայն դրանք հարցեր են, որոնց լուծման ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում: Դրա համար ենք մենք այդքան շատ ներդրումներ անում Շվեդիայում: Մենք ներդրում ենք նոր տների կառուցման, նոր տեխնոլոգիաների, արդար սոցիալական համակարգի կայացման ոլորտներում: Եվ այս ամենն, իհարկե, ներառում է նաև վերոհիշյալ մարտահրավերները: Սակայն մենք ունենք նաև հնարավորություններ»,- ասել է վարչապետ Լովֆենը:
The Fox News-ի պնդմամբ սակայն շվեդ բարձրաստիճան պաշտոնյաները միտումնավոր կերպով կոծկում են ներգաղթյալների կողմից կատարված հանցագործությունների մասին տեղեկությունը, հատկապես հրազենային հանցագործությունների ու բռնաբարությունների մասին: Շվեդիան 2013 թվականից ի վեր ընդունել է ավելի քան 300.000 ներգաղթյալների: Երկրի պաշտոնական վիճակագրությամբ 2005 թվականից ի վեր հանցագործությունների թիվը երկրում նվազել է: