Մատչելի հղումներ

Կիրակի վաղ առավոտյան հարյուրավոր զրահամեքենաներ օդուժի ուղեկցությամբ շարժվեցին դեպի արևմտյան Մոսուլ:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հեռուստատեսությամբ նախապես հայտարարել էր ճակատամարտի նոր մեկնարկի մասին՝ անվանելով այն «Նոր լուսաբաց»: «Մենք խրախուսում ենք մեր խիզախ զինվորականներին ազատագրել քաղաքի մյուս մասն ու ազատել մարդկանց, որոնք ԴԱԵՇ-ի ահաբեկչական գործողությունների հետևանքով պատանդ են մնացել», - հայտարարել է Հայդեր ալ-Աբադին:

Սա անցած չորս ամիսներին՝ ԴԱԵՇ-ից Մոսուլն ազատագրելուն միտված ռազմական գործողությունների վերջին փուլն է: Անցած ամիս Իրաքի կառավարությունը հայտարարել էր, որ արևելյան Մոսուլն ամբողջությամբ ազատագրված է: Ինչևէ, ԴԱԵՇ-ը շարունակում է հարձակումներ իրակայնացանել, որոնց թվում՝ նաև մահապարտների կողմից իրականացված պայթյուններ:

ԱՄՆ-ը աջակցում է Իրաքի օդուժին և բանակին այս նոր ռազմական գործողություններում, և ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսի, այս համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում: «Ինչպես և արևելյան Մոսուլում, ԱՄՆ-ի զորքերը շարունակելու են իրականացնել իրենց առաքելությունը՝ ընդլայնելով ռազմական գործողոթյունները մինչև ԴԱԵՇ-ի վերջնական պարտությունը», հայտարարել է Մաթիսը:

Արևմտյան Մոսուլի ճակատամարտը ամենադաժանն է առայսօր: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, քաղաքի շուրջ 700 հազար խաղաղ բնակիչներ գտնվում են ծայրահեղ անապահով վիճակում:

ՄԱԿ-ը եւ մարդասիրական հարցերով կազմակերպություններն արդեն նախապատրաստվում են ապաստան, սնունդ և անհրաժեշտ այլ միջոցներ տրամադրել հարյուր հազարավոր նոր փախստականների:

XS
SM
MD
LG