Մատչելի հղումներ

Ռումինիայի իրադարձությունները՝ Արեւմուտքի մտահոգության պատճառ


Ռումինիայի իրադարձությունները՝ Արեւմուտքի մտահոգության պատճառ
please wait

No media source currently available

0:00 0:02:05 0:00

Անցած երկու շաբաթների ընթացքում Ռումինիայում սկսված բողոքի ցույցերն այնքան մարդաշատ էին, ինչպիսին Եվրոպան չէր տեսել 1989 թվականին կոմունիզմի տապալումից ի վեր։ Ժողովրդին զայրացրել էր կառավարության այն որոշումը, ըստ որի հանվում էին մինչեւ 5Օ հազար դոլարի խախտումներ կատարած անձանց նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքները։ Չնայած նրան, որ կառավարությունը, ենթարկվելով համազգային ճնշմանը, չեղյալ է հայտարարել նշված որոշումը, բողոքի ցույցերը երկրում շարունակվում են։

Մինչեւ ցույցերը, Արեւմուտքում շատերն էին հավատացած, որ անցած տարիներին կոռուպցիայի հետ կապված շարունակ խորացող խնդիրները Ռումինիայում մի օր վերածվելու են բարդ ճգնաժամի։

ԱՄՆ-ի հետ Ռումինիայի հարաբերությունները շատ կարեւոր են ու երբեմն՝ զգայուն։ Եթե ժամանակին այս երկիրը Մոսկվայի կցորդներից մեկն էր Եվրոպայում, ապա այսօր այստեղ են տեղակայված ԱՄՆ-ի հրթիռային պաշտպանության համակարգեր ու մի քանի հարյուր թվակազմով ամերիկյան զորքեր։

Երկրի մայրաքաղաք Բուխարեստում այս թվով մարդիկ վերջին անգամ բողոքի ցույցեր էին սկսել կոմունիստ առաջնորդ Նիկոլաե Չաուշեսկուի իշխանությունը տապալելու օրերին։ Եվինչպես քաղաքական վերլուծաբաններն են ասում, որպեսզի նույնը չկրկնվի, Արեւմուտքն այսօր չի կարող անտեսել այստեղ առկա կոռուպցիայի ճգնաժամը։

Նրանցից Դեյվիդ Քլարքի խոսքերով, ՝՝Երբ Եվրոպական Միության կամ ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկիր հեռանում է ժողովրդավարության, խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության արժեքներից, լուրջ խնդիրներ են առաջ գալիս ամբողջ Եվրոպայի համար՛՛։

Եվրոպական Միություն մուտք գործելու համար Ռումինիան պիտի ցույց տար, որ խիստ քաղաքականություն է վարում ընդդեմ կոռուպցիայի։ Սակայն այստեղ կոռուպցիայի դեմ պայքարը թղթի վրա շատ տպավորիչ է՝ 9Օ տոկոսի հասնող դատական գործերի ցուցանիշով։ Իսկ թվերի հետեւում կանգնած է չարագուշակ իրականությունը, երբ շատերի համոզմամբ նույնիսկ կոռուպցիայի դեմ պայքարն է այստեղ կոռումպացված։

Այս կարծիքին է ռումինացի այլախոհ Ալեքսանդր Ադամեսկուն, ում խոսքերով, ՝՝Այդ պայքարն ընդհանրապես որեւէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ։ Այն պարզապես քաղաքական վրիժառություն է՛՛։

Ադամեսկուի հայրը ժամանակին ընդդիմադիր թերթերից մեկի սեփականատերն է եղել։ Նա մահացել է բանտում, ուր տեղափոխվել էր կոռուպցիայի մեղադրանքներով։ Մարդու իրավունքների պաշտպան խմբերն ասում են, որ դատարանն այդ վճիռը կայացրել էր քաղաքական դրդապատճառներով։

Որդին հույս ունի, որ բողոքի այս լայնածավալ ակցիան կկարողանա հասնել շրջադարձային կետի։
Բուխարեստի երկնքում շարունակում են փայլել երկրի պետական դրոշի գույներով բջջային հեռախոսների արձակած լույսի շողերը՝ ռումինացիների համար մի տեսակ վերածվելով հույսի շողերի։ Շողեր, որոնք տեսանելի են Վաշինգտոնում ու Բրյուսելում։

Ու այստեղ է, ասում են փորձագետները, որ պետք է նրանք ուշադրությամբ դիտեն ու լավ եզրակացություն անեն թե՛ լույսի եւ թե՛ հույսի շողերից։


XS
SM
MD
LG