Մյունխենի անվտանգության գագաթաժողովի ավարտին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն ու նրա ընտանիքը այցելեցին Մյունխենից ոչ հեռու գտնվող Դախաու, ուր գտնվում էր ֆաշիստական համակենտրոնացման ճամբարը: Ավելի քան 30 հազար մարդ զոհվել է այստեղ Երկրորդ աշխարհամարտի տարիներին, որոնց մեծ մասը հրեաներ էին:
Այսօր հրեական Հոլոքոստից 72 տարի անց Եվրոպայի հրեաները ահազանգում են հակասեմիտիզմի աճի վերաբերյալ: Եվրոպայի հրեաների անվտանգության վերաբերյալ խնդիրը քննարկվել է նաև Մյունխենի համաժողովի ընթացքում, որին մասնակցել են Իսրայելի նախկին արտգործնախարար Ծիփի Լիվնին: Եվրոպայի ռաբբիների համաժողովի նախագահ Փինչաս Գոլդշմիտը ասել է, որ անվտանգությունն այսօր հրեաների համար ամենակարևոր խնդիրն է:
«Այն ահաբեկչությունները, որոնց ականատես եղանք Թուլուզում, Փարիզում, Կոպենհագենում, Բրյուսելում իրենց ազդեցություն են թողել հրեական համայնքի վրա: Որոշ երկրներից սկսել է մարդկանց արտահոսք»,- ասում է գլխավոր ռավինը:
Լոնդոնում գործող հրեական հետազոտական կենտրոնի տվյալներով 2010-2015 թթ. ընթացքում հրեական բնակչության 4 տոկոսը լքել է Բելգիան և Ֆրանսիան և տեղափոխվել Իսրայել: Երկու երկրներում էլ հրեական համայնքները դարձել էին հարձակման թիրախներ:
Անվտանգության անհրաժեշտության մասին խոսում են նաև փորձագետները:
«Հրեական համայնքները մշտապես առաջինն են թիրախավորվում, ուստի իշխանությունները պետք է ուժեղացնեն նրանց անվտանգությունը: Սա շատ զգայուն և կարևոր խնդիր է ինչպես Եվրոպայի, այնպես էլ ամբողջ հանրության համար»,- ասել է Ծայրահեղականության հետազոտման միջազգային հաստատության ներկայացուցիչ, պրոֆեսոր Փիթեր Նյումանը:
Սակայն մտահոգության տեղիք է տալիս նաև ծայրահեղ աջակողմյան գաղափարախոսության զարգացումը Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում՝ կապված Ազգային ճակատի առաջնորդ Մարի Լա Պենի հետ:
«Եթե Մարի Լա Պենը դառնա Ֆրանսիայի նախագահ, Ֆրանսիան այլևս նույն երկիրը չի լինի, իսկ Եվրոպան՝ նույն մայրցամաքը: Սա ԱՄՆ-ի վարչակազմի փոփոխության արդյունքն է, որը ուժեղացնում է ծայրահեղ աջակողմյան կոալիցիան Եվրոպայում: Դա մեզ մտահոգում է»,- ասում է ռաբբի Գոլդշմիտը:
Հրեական համայնքների ներկայացուցիչները Մյունխենի համաժողովի ընթացքում կոչ են արել եվրոպական կառավարություններին հավելյալ ջանքներ գործադրել հրեական համայնքների անվտանգությունը ապահովելու համար: