Մատչելի հղումներ

՝՝Առանց ներգաղթյալների օր՛՛-ը՝ Միացյալ Նահանգներում


Փետրվարի 16-ը Միացյալ Նահանգներում հայտարարված էր ՝՝Առանց ներգաղթյալների օր՛՛։ Այս կոչի տակ էին համախմվել բոլոր նրանք, ովքեր բողոքում են ԱՄՆ-ում ներգաղթյալների նկատմամբ ընդունվող օրենքների ու կիրառվող նախաձեռնությունների դեմ։

ԱՄՆ-ի մեծաթիվ քաղաքներում անցած հինգշաբթի օրվա ընթացքում փակ էին շատ ռեստորաններ, սրճարաններ ու այլ հաստատություններ, որոնց աշխատակազմում մեծ տոկոս են կազմում Ամերիկա ներգաղթած անձինք։

՝՝Առանց ներգաղթյալների օր՛՛ կոչը, որը տարածվել էր հիմնականում սոցցանցերի միջոցով, համախմբում էր նրանց, ովքեր դեմ են ներգաղթը ժամանակավորապես դադարեցնելու եւ անօրինական եղանակով ԱՄՆ մուտք գործած անձանց նկատմամբ խիստ քայլեր գործադրելու նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը։ ՝՝Ամեն ինչ շատ արագ ստացվեց։ Պարզապես մի կայծ էր պետք՝ կրակն այրելու համար՛՛, ասում են բողոքի ակցիային միացած անձինք։

Ինչպես ռեստորաններից մեկի սեփականատերն է ասում, ՝՝Մենք պարզապես ի վիճակի չէինք շարունակել աշխատանքը առանց լատինամերիկացի ու ներգաղթյալ այլ աշխատակիցների՛՛։
Նրա խոսքերով, իրենց հաստատությունները չեն կարող պահպանել իրենց գոյությունն առանց ներգաղթյալների։

Անօրինական փախստականներին ու նրանց հետ Ամերիկա ժամանած նրանց երեխաներին երկրից արտաքսելու մասին Դոնալդ Թրամփի արձակած հրահանգից հետո միայն անցյալ շաբաթ իրականացված շուրջկալների արդյունքում ավելի քան 68Օ անօրինական փախստական է ձերբակալվել՝ առաջ բերելով անհանգստության մեծ ալիք փախստականների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների շրջանում։

՝՝Մենք նրանց պիտի վերաբերվենք որպես մարդկային էակներ, մեզ նման մարդկային էակներ, այլ ոչ թե քաղաքական խաղատախտակի զինվորականներ, ում ամեն պահի կարող ենք զոհաբերել՛՛, ասում է մեկ այլ ռեստորանի սեփականատեր Էնդի Շալալը։

Հինգշաբթի օրը փակ էին նաեւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի շենքում գործող ռեստորանները, այդ թվում՝ ՝՝Սբարո՛՛-ն եւ ՝՝Թաքո Բել՛՛-ը։

ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը բազմիցս է ընդունել այն փաստը, որ երկրի գյուղատնտեսության բնագավառում աշխատողների մեծ մասը կազմում են անօրինական փախստականները։ Ու շատերն են ասում, որ նրանք ավելի շատ նպաստում են, քան՝ վնասում տնտեսությունը։

՝՝Համագործակցություն հանուն նոր ամերիկյան տնեսության՛՛ կազմակերպության տվյալներով, ԱՄՆ-ի ամենախոշոր 5ՕՕ ընկերությունների 4Օ տոկոսը հիմնադրել են ներգաղթյալներն ու նրանց ժառանգները։

XS
SM
MD
LG