Նախագահական ընտրարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը բազմիցս էր հարձակումներ գործում ընդդեմ մամուլի։ Շատերն էին հավատացած, որ նրա այդ քաղաքականությունը փոփոխության կենթարկվեր նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։ Սակայն դա տեղի չունեցավ։
՝՝ Դուք ունեք սարսափելի խմբագրություն։ Ես ձեզ որեւէ հարց չեմ տալու, չեմ տալու։ Դուք սուտ լուրեր տարածողներ եք՛՛։ Սրանք ԱՄՆ-ի նախագահի խոսքերն են՝ ուղղված մամուլի ներկայացուցիչներին, խոսքեր, որոնք գրեթե նույն ոճով շարունակվում են նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր, ամեն օր։
ԱՄՆ-ի տարբեր նախագահներ մամուլի հետ ժամանակ առ ժամանակ ունեցել են խնդիրներ, սակայն Թրամփի մոտեցումը հասել է այսպես ասած նոր մակարդակի, ասում է Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի դասախոսներից Ստիվըն Ռոբերթսը։
՝՝Ես 1964 թվականից եմ դասախոսել Վաշինգտոնի քաղաքականության մասին։ Սակայն երբեք չեմ տեսել պետական մի գործիչ, որն այսքան մեծ հակասություններ ունենար մամուլի հետ՛՛, ասում է նա։
Թրամփն ունի մամուլի ուշադրությունն իր վրա սեւեռելու երկար տարիների փորձառություն, եւ այդ ուշադրությունն իր օգտին ծառայեցնելու հմտություններ։ 1989 թվականին հրապարակած ՝՝Գործարքի արվեստը՛՛ վերնագրով իր գրքում Թրամփը գրում է. Մամուլից ես մի բան լավ եմ հասկացել. Այն, որ նրանք միշտ ունեն հետաքրքիր պատմությունների կարիք, ու որքան սենսացիոն, այնքան՝ լավ՛՛։
Թրամփն ասում է, թե ինքը հակադարձում է մամուլին այն ժամանակ, երբ մամուլն առաջինն է հարձակում գործում իր դեմ։ Սակայն Թրամփի կենսագրագիր Գվենդա Բլեերի խոսքերով, չպետք է մոռանալ, որ Թրամփը հակասությունների մեջ մտնելու սիրահար է։ ՝՝Նա սիրում է հարձակողական ու հակամարտությամբ լցված մթնոլորտ։ Դա բնական է նրա համար։ Այդտեղ է, որ նա իրեն լավ է զգում՛՛։
Սակայն դեռեւս պարզ չէ, թե Թրամփի սիրած այդ մթնոլորտը որքան է իրեն արդարացնելու Սպիտակ տանը։ Մի բան պարզ է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր, նրա վարկանիշը շարունակում է անկում ապրել։
Բայց կա մեկ այլ փաստ եւս. Ըստ հարցումների, ամերիկացիների մեծամասնությունն ավելի շատ վստահում է Թրամփին, քան՝ մամուլին։