Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, քննադատելով Իրանի հետ միջուկային գործարքը.

«Իմ վարչակազմն արդեն իսկ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է ընդունել եւ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի թույլ չտամ Իրանին երբեւէ, միջուկային զենք ունենալ»:

Անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, նախագահ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի նոր նախաձեռնությունը նախատեսում է տարածաշրջանի այլ երկրների ներգրավում խաղաղ գործընթացի մեջ:

Դա թույլ կտա երկու կողմերին ավելի հեշտ փոխհամաձայնության գալ: Սակայն ամենակարեւոր խնդիրներից մեկը ատելությունից ձերբազատվելն է, ընդգծում է Դոնալդ Թրամփը.

«Պաղեստինցիները պետք է ձերբազատվեն ատելությունից, որը նրանց սովորեցնում են վաղ տարիքից: Ես տեսել եմ, թե նրանց ինչ են սովորեցնում: Դա սկսվում է շատ վաղ տարիքից, սկսվում է դպրոցի դասարանում»:

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն իր կողմից նշեց, որ հակամարտությունը կարող է կարգավորվել երկու սկզբունքների հիման վրա: Իսրայելը ինքը պետք է վերահսկի իր անվտանգությունը եւ պաղեստինցիները պետք է հրաժարվեն Իսրայելը ոչնչացնելու կոչերից:

«Ցավոք սրտի, պաղեստինցիները ոչ միայն հերքում են անցյալը այլեւ՝ թունավորում ներկան: Նրանք վճարում են ամսեկան թոշակ սպանված ահաբեկիչների ընտանիքներին: Հենց սա է հակամարտության աղբյուրը»:

Նախագահ Թրամփի նախաձեռնության համաձայն, իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման ձեւաչափը կարող է ընդլայնվել, իր մեջ ներառելով տարածաշրջանի մի շարք արաբական պետությունների, որոնց օգնությամբ հակամարտությունը կարգավորման նոր թափ կստանա:

XS
SM
MD
LG