Նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի միջոցով ձեռնամուխ եղավ հրաժարական տված իր նախկին ազգային անվտանգությանն խորհրդականի պաշտպանությանը՝ մտահոգություն հայտնելով տեղեկատվության արտահոսքի վերաբերյալ:
Ավելի ուշ Սպիտակ Տան մամլո խոսնակը վերահաստատեց նախագահ Թրամփի խոսքերը:
«Սա մտահոգում է նախագահին: Մեզ հետաքրքրում է, թե արդյոք այն մարդիկ, ում վստահված է գաղտնի տեղեկատվությունը, զբաղված են դրա արտահոսքով»,- ասում է Սփայսերը:
Հանրությունը, սակայն, շարունակում է մտահոգված մնալ Ֆլինի հրաժարականի և դրա հետ կապված խնդիրների վերաբերյալ:
Սենատի ռազմական հարցերով հանձնաժողովի նախագահ Ջոն Մաքքեյնը Ֆլինի հրաժարականը կապում է անվտանգության համակարգում առկա բացթողումների հետ: Նա նաև մտահոգություն է հայտնել գործող վարչակազմի Ռուսաստանի նկատմամբ վարած քաղաքականության առիթով:
Ռուսաստանի օրենսդիրներն իրենց հերթին հանդես են եկել պատասխան հայտարարություններով:
«Սա մեր դեմ ուղղված հարձակում էր, որով փորձում էին ներկայացնել, թե իբր մենք անհամապատասխան քննարկումներ ենք ունեցել ազգային անվտանգության խորհրդականի հետ»,- ասում է Լեոնիդ Սլուցկին՝ Ռուսաստանի Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
Այս իրավիճակը դժվար կացության մեջ է գցել նոր վարչակազմին: Սա չի կարող վրիպել ԱՄՆ-ի դաշնակիցների աչքից, որոնք դեռևս չեն կողմնորոշվել, թե ինչպիսին է լինելու Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության դոկտրինը:
Ազգային անվտանգության խորհրդի նախկին պաշտոնյաները կարծում են, որ նոր վարչակազմը դեռևս հնարավորություն ունի շտկելու իրավիճակը նոր ազգային անվտանգության խորհրդականի նշանակման միջոցով: Սակայն դա դեռ բավարար չէ:
«Այն տեղեկատվության և հայտարարությունների տրամադրումը, որոնք չեն ստացել Սպիտակ Տան թույլտվությունը, կլինի խնդրահարույց, և դա կրկին կդառնա խնդիր, որի հետևանքներն այժմ չենք կարող կանխագուշակել»,- ասում է «Նոր Ամերիկա» հիմնադրամի ներկայացուցիչ Լյուկ Հարթինգը:
Դա կդառնա մարտահրավերներից միայն մեկն այն անձի համար, ով կստանձնի ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը: