Օրովիլի ամբարտակի վթարային բացթողման համակարգը գործի է դրվել առաջին անգամ 1968 թվականից ի վեր, այն բանից հետո, երբ ամբարտակում գրանցվել էր ջրի մակարդակի աննախադեպ աճ: Սակայն համակարգում հայտնաբերված թերությունները թույլ չեն տվել շտկել իրադրությունը, ինչի հետևանքով ջրի տակ կարող են անցնել շրջակա բնակավայրերը:
Մոտ 200 հազար մարդ տարհանվել էր կիրակի օրը, սակայն երկու օր անց նրանք ստացել են տուն վերադառնալու թույլտվություն: Տեղի իշխանությունները զգուշացրել են բնակիչներին, թե իրավիճակի բարդացման դեպքում ինչպիսի գործողություններ են անհրաժեշտ ձեռնարկել:
«Դա նյարդայնացնում է ինձ: Բայց մենք միացրած ենք պահում ռադիոն և ուշադիր ենք ամեն տեսակի տեղեկությանը: Այն պահին, երբ նրանք ասեն՝ պետք է հեռանալ, մենք կհեռանանք», - ասում է տեղի բնակիչներից մեկը:
Արտակարգ իրավիճակն արդյունք էր ձյունառատ ձմեռվա: Այժմ իշխանությունները փորձում են 15 մետրով նվազեցնել ջրի մակարդակը ամբարտակում, քանի որ չի բացառվում նոր ձյան փոթորիկ: Այս պահին վթարային համակարգի միջոցով բաց է թողնվում վայրկյանում մոտ 3000 խորանարդ մետր ջուր:
Բնապահպանական երեք խմբեր մեղադրում են նահանգային և տեղական իշխանություններին ամբարտակում ստեղծված իրավիճակի համար:
Նախագահ Թրամփը լիազորել է Դաշնային արտակարգ իրավիճակների համակարգման գործակալությանը համակարգել աշխատանքները տեղական մարմինների հետ և համապատասխան աջակցություն տրամադրել՝ մարդկանց փրկելու և իրավիճակը շտկելու համար, ինչպես նաև նվազեցնելուաղետի սպառնալիքը երեք շրջաններում: