Մատչելի հղումներ

Թրամփի հարձակողական ոճի քաղաքականությունը մոտ ապագայում չի փոխվի


Նախընտրական իր արշավի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ էր կրկնում իր այն խոսքերը, թե ինքը դառնալու է փոփոխությունների գործակալ։ Սակայն մինչ այժմ այդ ուղղությամբ նրա գործադրած ջանքերն առաջ են բերում հակասական արդյունքներ։

Դոնալդ Թրամփի 4Օ տոկոսի վարկանիշն աննախադեպ է Ամերիկայի նախագահների պաշտոնավարման առաջին ամսվա համար։ Նախագահ, որն իր գործունեությունը սկսեց քաղաքական մեծ փոփոխություններ իրականացնելու խոստումներով։

Խոստումներից զատ նա առաջին օրերի ընթացքում ստորագրեց գործադիր մի շարք հրահանգներ՝ արժանանալով իր ջերմ աջակիցների զգալի մասի հավանությանը։
Սակայն հիշենք, որ ներգաղթը ժամանակավորապես դադարեցնելու մասին Թրամփի գործադիր հրահանգն արժանացավ ուժեղ ընդդիմության, հրահանգ, ինչի դեմ հարուցվեցին դատական հաջողված հայցեր։

Նախագահական գործադիր որոշումներ կայացնելու հանգամանքը մտահոգում է հիմնականում դեմոկրատ օրենսդիրներին։ Նրանցից սենատոր Ռիչարդ Բլումենթալի խոսքերով, ՝՝Եթե նույնիսկ նախագահ Թրամփը փորձում է իրեն վեր դասել օրենքից, դատական մեր համակարգի անկախությունը նշանակում է, որ երկրի օրենքը մեր Սահմանադրությունն է՛՛։

Չնայած Թրամփի չհղկված ոճի նկատմամբ անհանգստությանը, Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախագահ Փոլ Ռայընը շարունակում է իր աջակցությունը։ ՝՝Ճիշտ է՛՛, ասում է նա, ՝՝Թրամփը ոչ սովորական նախագահ է, եւ խնդիրներ են առաջ գալիս դատավորների հետ, սակայն նա հարգում է եւ ընդունում գործընթացը։ Եվ իմ կարծիքով, դա է ի վերջո ամենակարեւորը՛՛։

Ինչպես վերլուծաբաններից Ջեյմս Թարբերն է ասում, Թրամփի համարձակ ու երբեմն հակասություններ առաջ բերող նրա բնույթը հավանաբար որոշ ժամանակ կպահպանվի նրա համար քննական այս ժամանակահատվածում։

Թրամփի համար քաղաքական մի ծանր հարված էր անվտանգության հարցերով նրա խորհրդական Մայքըլ Ֆլինի հրաժարականը։ Սակայն, չի թվում, որ Թրամփի հարձակողական ոճի քաղաքականությունը մոտ ապագայում կվերափոխվի։

Մի բան, որը գովեստի է արժանանում նրա աջակիցների, լարված ընդդիմության՝ նրա քննադատների կողմից։

XS
SM
MD
LG