Իր հրաժարականի մասին նամակում ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ֆլինը նշել է, որ նախագահ Թրամփի կողմից իշխանության ստանձնումից մեկ շաբաթ առաջ ինքը պատահաբար թերի տեղեկատվություն է տրամադրել փոխնախագահ Մայք Փենսին՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի հետ իր ունեցած հեռախոսազրույցի մասին։: Նա հայցել է նախագահ Թրամփի ու փոխնախագահ Փենսի ներողամտությունը սույն առիթով:
Սա աննախադեպ երևույթ է ամերիկյան քաղաքական պատմության մեջ, երբ նման բարձրաստիճան պաշտոնյան հրաժարական է ներկայացնում նախագահի իշխանության ստանձնումից մեկ ամիս հետո:
Նախագահ Թրամփն արագ նշանակեց մեկ այլ պաշտոնաթող գեներալ Քեյֆ Քելոգին որպես պաշտոնակատար, սակայն շրջանառվում են նաև Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Դեյվիդ Պետրեուսի ու ռազմածովային փոխծովակալ Ռոբերտ Հարվարդի անունները:
Մամուլի հաղորդումների համաձայն, Ֆլինն ու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը քննարկել են նախկին նախագահ Բարաք Օբամայի կիրառած պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Մոսկվայի ներգրավվածությանն ամերիկյան ընտրություններում հօգուտ Դոնալդ Թրամփի:
Փենսի ու Թրամփի օգնականները, հենվելով Ֆլինի տրամադրած տեղեկատվության վրա, հերքել են, որ վերջինս քննարկել է պատժամիջոցների վերացումը Թրամփի իշխանության ստանձնումից հետո: Հետագայում Ֆլինը ասել է, որ այս հարցը կարող է առաջ գալ:
Ֆլինի և Կիսլյակի հեռախոսազրույցն օրենքի խախտում է, քանի որ մասնավոր քաղաքացիներն իրավունք չունեն քննարկելու դիվանագիտական գործունեության հետ կապված հարցեր օտարերկրյա ներկայացուցիչների հետ: Հեռախոսազրույցի պահին նախագահ Թրամփը դեռևս չէր ստանձնել իշխանությունը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ Ֆլինի հրաժարականը Վաշինգտոնի ներքին գործն է և ոչ Մոսկվայինը։Սակայն ռուս օրենսդիրներն ընդգծել են, որ այս հրաժարականը փորձ է վնասելու Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունների բարելավումը, և սա բացասական ազդանշան է:
«Անգամ Ռուսաստանի հետ երկխոսություն ունենալու պատրաստակամությունը Վաշինգտոնի կոշտ քաղաքականության կողմնակիցների կողմից դիտարկվում է որպես հանցագործություն: Սա ոչ միայն պարանոյա է, այլ մի բան էլ ավելին»,- ասել է Ռուսաստանի Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը:
Դեմոկրատ սենատորներից ոմանք կոչ են արել հետաքննություն սկսել այս փաստի առիթով, սակայն այլ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին հեռացնել Ֆլինին պաշտոնից: