Մատչելի հղումներ

Վաշինգտոն է ժամանում Իսրայելի վարչապետը


Երեքշաբթի օրը Վաշինգտոն է ժամանում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Բարաք Օբամայի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ի ու Իսրայելի միջեւ որոշ չափով սառած հարաբերությունները Թրամփի օրոք ունեն ջերմանալու հնարավորություն՝ հաշվի առնելով նախընտրական արշավի ընթացքում Իսրայելին մեծապես աջակցելու մասին Թրամփի հայտարարությունները։

Նախընտրական արշավի ընթացքում Դոնալդ Թրամփը պաշտպանում էր պաղեստինյան տարածքներում հրեական թաղամասերի կառուցումը, երբ Փարիզում անցկացված հանդիպման ընթացքում 7Օ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի դիվանագետները քննադատում էին այն ու նոր թաղամասերի կառուցումը համարում սպառնալիք մերձավորարեւելյան խաղաղության գործընթացում։ Նրանց խոսքերով, այն մեծ խոչընդոտ է խնդիրը ՝՝երկու պետություն՛՛ սկզբունքով լուծելու ճանապարհին։

Իսրայելի խորհրդարանի կողմից ընդունված այն որոշումը, որի համաձայն օրինականացվում է Հորդանան գետի արեւմտյան ափում պաղեստինյան մասնավոր տարածքներում հրեաների համար նոր թաղամասերի կառուցումը, շարունակում է արժանանալ միջազգային դատապարտման։

Եվ ահա արդեն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփը կարծես հարմար է գտնում հրաժարվել թաղամասերի կառուցումը պաշտպանելու իր քաղաքականությունից՝ վերջերս հայտարարելով, որ ՝՝այն օգնություն չէ խաղաղ գործընթացում՛՛։

Այդ իսկ պատճառով մինչեւ Վաշինգտոն մեկնելը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խուսափեց պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը շարունակում է պաշտպանել Իսրայելի ու պաղեստինցիների միջեւ խնդիրը ՝՝երկու պետություն՛՛ սկզբունքով լուծելու տարբերակը, թե ոչ։

Ինչպես վերլուծաբաններից Ռիչարդ Լեբարոնն է ասում, պաղեստինցիներն այժմ մեծ ուշադրությամբ են հետեւում Թրամփ-Նեթանյահու հանդիպումը եւ ամեն մի ակնարկ կարող է լինել վճռական նրանց հետագա գործողությունների համար։

Մեձակա Արեւելքի հարցերով հաստատության վերլուծաբաններից Ռոբերտ Սաթլովի խոսքերով.

՝՝Նեթանյահուն Թրամփի հետ պիտի փորձի գալ ընդհանուր այնպիսի մի տեսակետի, որը Իսրայելի վարչապետին թույլ կտար իր այցը համարել հաջողված, եւ որը նրան թույլ կտար հայրենիքում հակազդել իր վրա ծայրահեղ աջ ուժերից հնարավոր ամեն մի ճնշման՛՛։

Հիմա հարցն այն է, ասում են ամերիկացի վերլուծաբաններից շատերը, թե ինչպես պիտի Թրամփը ձեւակերպի իր մոտեցումը ԱՄՆ-ի ամենաջերմ աջակից Իսրայելի հարցում։

Նույն հաստատությունը ներկայացնող վերլուծաբաններից Դեյվիդ Մակովսկիի խոսքերով, սպասելիքները չեն կարող մեծ լինել։

՝՝Եվ դա այն պատճառով, որ Թրամփը դեռեւս չունի լավ ձեւավորված թիմ։ Ու ավելի հեշտ կլինի նրա համար ասել, թե ինքն այսօր պարզապես լսողի դերում է՛՛։

Սակայն ինչպես նա դա պիտի անի, երբ հայտարարելով հանդերձ, թե ցանկանում է նպաստել Իսրայելի ու պաղեստինցիների միջեւ խաղաղությանը, իրականում չի ցուցաբերել հավասարազոր համակրանք պաղեստինցիների դիրքերի հանդեպ։ Սրանից նեղված են պաղեստինցիների ղեկավարները։

Իսկ Իսրայելի ղեկավարներին դուր չեն գալիս Թրամփի վերջին ավելի զուսպ ու ավելի չեզոք հայտարարությունները, որոնք կարող են հայրենիքում կրճատել Նեթանյահուի քաղաքական մանեւրի սահմանները։

XS
SM
MD
LG