Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել Աֆղանստանի հարցում ավելի գործուն դեր ունենալու համար: Սա 1979 թվականին ԽՍՀՄ-ի կողմից Աֆղանստան ներխուժումից ի վեր ռուսական առաջին նախաձեռնություններից է: Այս ակտիվությունը, սակայն, ի սզբանե հակասական բնույթ է կրում:
Մոսկվայում Աֆղանստանի վերաբերյալ հրավիրված վերջին համաժողովին մասնակցում էին նաեւ Չինաստանի ու Պակիստանի ներկայացուցիչները: Աֆղանստանի իշխանությունները մտահոգություն էին հայտնել սույն առիթով:
Աֆղանստանը, սակայն, մասնակցում է այս համաժողին, ինչպես նաև Հնդկաստանն ու Իրանը: Հրավիրված չեն ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն: Սա դիտարկվում է ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների համատեքստում:
Վերջերս ԱՄՆ-ի Սենատի ռազմական հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ սենատոր Ջոն Մաքքեյն ասել է, որ Ռուսաստանը համագործակցում է Թալիբանի հետ՝ ի վնաս Միացյալ Նահանգների:
Սակայն որոշ փորձագետներ այս համաժողովը դիտարկում են որպես դրական քայլ:
«Այս համաժողովը ներառում է բոլոր տարածշրջանային կողմերին, ովքեր հետաքրքրված են Աֆղանստանի հարցում: Ահաբեկչությունը գլոբալ երևույթ է, և տարածաշրջանային երկրները պետք է ավելի ակտիվ դեր ունենան»,- ասում է Ամինա Խանն Իսլամաբադում գտնվող Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտից:
Ռուսաստանը կենտրոնացած է Արևելյան Աֆղանստանում ԴԱԵՇ-ի զինյալների ակտիվության վրա, քանի որ մտահոգված է, որ նրանց ազդեցությունը կարող է տարածվել դեպի մահմեդականներով բնակեցված Կովկաս:
ԱՄՆ-ում Աֆղանստանի նախկին դեսպան Օմար Սամադը, իր հերթին, ցածր է գնահատում համաժողովի արդյունավետությունը:
«Այն փաստը միայն, որ երեք երկրներ առաջին անգամ են մասնակցելու համաժողովին, նշանակում է, որ այն ավելի շատ կրելու է ճանաչողական բնույթ: Մեծ բան չեմ ակնկալում այս համաժողովից»,- ասում է նախկին դեսպանը:
Նախկինում նման մի քանի փորձեր ձախողվել են Պակիստանի ու Աֆղանստանի լարված հարաբերությունների պատճառով: Այս համաժողովի հաջողությունը կախված է նաև նրանից, թե արդյոք Չինաստանն ու Ռուսաստանը կհամոզեն այս երկրներին համագործակցել միմյանց հետ: