Այսօր Աֆղանստանում մնացել են 14 հազարից քիչ ամերիկյան զորքեր: 2011 թվականին նրանց թիվը հասնում էր 100 հազարի: Ամերիկյան հրամանատարությունն ԱՄՆ-ի Սենատի բանակի հարցերով հանձնաժողովին ասել է, որ առկա է զորքերի թվակազմի մեծացման անհրաժեշտություն:
«Մեզ անհրաժեշտ է ևս մի քանի հազար զինվորական»,- ասում է գեներալ Ջոն Նիքլսոնը, ով Աֆղանիստանում միջազգային ուժերի հրամանատարն է:
Գեներալը մատնանշել է աֆղանական բանակի մարդկային և տարածքային կորուստները: Նա ասել է, որ առկա է անհրաժեշտություն` հզորացնելու Աֆղանստանի օդային ուժերը և մոտակա 4 տարիների ընթացքում կրկնապատկել աֆղանական հատուկ զորքերը:
«Պետք է ուժեղացնել հարձակողական հնարավորությունները, որոնք կօգնեն հասնել հաջողության Աֆղանստանում: Աֆղանական անվտանգության ուժերի հիմնական հարձակողական ուժը հատուկ զորքերն են և օդային ուժերը»,- ասել է գեներալը:
Գեներալ Նիքլսոնի կարծիքով Ռուսաստանի գործողություններն ընդդեմ ՆԱՏՕ-ի և նրա դաշնակիցների դժվարացնում են պայքարն՝ Աֆղանստանում խաղաղություն հաստատելու համար:
«Ռուսաստանը հանրայնորեն օրինականացնում է Թալիբանը: Նրանց բացատրությունն այն է, որ Թալիբանը պայքարում է ԴԱԵՇ-ի դեմ, իսկ Աֆղանստանի կառավարությունը՝ ոչ, ուստի պետք է օգուտ քաղել դրանից: Սա սխալ մոտեցում է»,- հայտարարել է գեներալը:
ԱՄՆ-ի և Աֆղանստանի զորքերը ազատել են որոշ տարածքներ ԴԱԵՇ-ի զինյալներից, հատկապես Նանգարհար նահանգում: Սակայն ԴԱԵՇ-ը շարունակում է վտանգ ներկայացնել այստեղ և ցույց տալ, որ կարող է ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրում, ինչպես այս շաբաթվա սկզբին Քաբուլում իրականացված պայթյունը, որի արդյունքում զոհվել էր 20 մարդ: