ԱՄՆ-ի դաշնային վերաքննիչ դատարաններից մեկը հինգշաբթի օրը հրաժարվեց վերականգնել նախագահ Դոնալդ Թրամփի այն որոշումը, որի համաձայն դադարեցվում էր մահմեդական 7 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ:
Սան Ֆրանցիսկոյի վճռաբեկ դատարաններից մեկի երեք դատավորներից կազմված խորհուրդը հինգշաբթի օրը պաշտպանեց այն դատարանի վճիռը, որի համաձայն կասեցվել էր մահմեդական 7 երկրներից մուտքն արգելելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Այսինք` Թրամփն արձակել էր մուտքն արգելելու մասին գործադիր հրահանգ, ստորին դատարանը ժամանակավորապես կասեցրել էր որոշումը, որից հետո վճռաբեկ դատարանը պաշտպանել էր ստորին դատարանի որոշումը` պատճառաբանելով, որ կառավարությունը չի ներկայացրել այդ երկրներից ԱՄՆ-ին սպառնացող վտանգի մասին ապացույցներ ու չի տվել բացատրություններ:
Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե դատարանը կայացրել է "քաղաքական որոշում", որը վտանգի տակ է դնում երկրի ազգային անվտանգությունը: Նա նաեւ ասել է, թե միեւնույն է, ավելի բարձր ատյաններում իրենք հաղթելու են:.
Հիշեցնենք, որ ճամփորդությունների արգելքի դեմ առաջինը դուրս էր եկել Վաշինգտոն նահանգը: Նահանգի գլխավոր դատախազ Բոբ Ֆերգյուսընը վճռաբեկ դատարանի որոշումը համարում է հաղթանակ ԱՄՆ-ի Սահմանադրության համար:
“Մենք օրենքի երկիր են, եւ այդ օրենքները մեր երկրում տարածվում են բոլորի վրա, այդ թվում` երկրի նախագահի”, ասել է նա:
ԱՄՆ-ի դատախազներից Օգըստ Ֆլենչը պնդում է, թե ճամփորդությունները դադարեցնելու մասին Թրամփի գործադիր հրահանգը Կոնգրեսի ու Սահմանադրության կողմից նրան տրված իրավունքների սահմաններում է:
Վճռաբեկ դատարանի որոշումը նշանակում է, որ Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի ու Եմենի քաղաքացիները, որոնք ունեն ամերիկյան մուտքի արտոնագրեր, կարող են առայժմ ժամանել ԱՄՆ:
Առայժմ, քանի որ վերջնական որոշում այս մասին կայացնելու է ԱՄՆ-ի Գերագույն դատարանը: