Եվս երկու կանադական պաշտոնյաներ իրենց դժգոհությունն են արտահայտել նախագահ Դոնալդ Թրամփի որդեգրած քաղաքականության վերաբերյալ: Ֆինանսների նախարար Բիլ Մորնեուն և արտգործնախարար Քրիստիա Ֆրիլենդը հանդիպում են ամերիկացի պաշտոնյաների հետ՝ քննարկելու անվտանգության և առևտրային հարաբերությունների հետ կապված հարցեր:
Կանադայի պաշտպանության նախարար Հարջիթ Սինգխ Սայջանն այցելել էր իր ամերիկացի գործընկեր Ջիմ Մեթիսին: Կանադական մի շարք պաշտոնյաներ ներկա էին նախագահ Թրամփի երդմնակալությանը: Դեռևս հայտնի չէ, թե երբ է նախատեսվում ԱՄՆ-ի նախագահի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդեի հանդիպումը:
Թրամփի վարչակազմը հստակ ազդանշան է ուղարկել, որ ծրագրում է վերաբանակցել Մեքսիակայի և Կանադայի հետ Հյուսիսամերիկյան ազատ առևտրի մասին համաձայնագիրը՝ NAFTA -ն: Կանադայի արտահանման շուրջ 75 տոկոսը բաժին է ընկնում Միացյալ Նահանգների շուկային:
Բրիտանական Independent պարբերականը տեղեկացնում է, որ Թրամփի վարչակազմի՝ ԱՄՆ-ի ներգաղթյալների վերաբերյալ քաղաքականության վերանայումից հետո, փախստականների ռեկորդային հոսք ուղղվել է դեպի Կանադա: Մանիթոբայում տեղակայված փախստականների համար Welcome Place խմբի ներկայացուցիչն ասում է, որ նոյեմբեր ամսից ի վեր նրանք օգնել են ավելի քան 90 փախստականների հատկապես ձմեռային ծանր ամիսներին: