Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Հայրենիքի անվտանգության նախարար Ջոն Քելլին Կոնգրեսին վստահեցրել է, որ մահմեդական յոթ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ ժամանակավորապես դադարեցնելու մասին Թրամփի ստորագրած հրամանագիրը ոչ թե կրոնի, այլ վտանգի հիման վրա է ստորագրվել:
Նա ասել է,- «Դա չի արվում այն բանի համար, որ դրանք մահմեդական երկրներ են: Դա արվում է, քանի որ մենք չենք վստահում նրանց ստուգումներին կամ տեղեկությանը»:
Քելլին խոստովանել է, որ Կոնգրեսի հետ ավելի լավ հաղորդակցման դեպքում, հնարավոր կլիներ խուսափել երկրի օդանավակայաններում հրամանի շուտափույթ իրականացումից առաջացած շփոթմունքից:
Նա հավելել է,- «Հայացք գցելով այս ամենի վրա՝ կարող եմ ասել, որ պետք է հրամանը փոքր ինչ հետաձգվեր: Եվ դրա պատասխանատվությունը լիովին ինձ վրա է»:
Սակայն այս խոստովանությունը այնքան էլ չի մեղմել վրդովված դեմոկրատներին, ովքեր Քելլիին խնդրել են հաշվի առնել այն ընտանիքներին, որոնք տուժել են այս արգելքի պատճառով:
Կոնգրեսի պառակտումն է՛լ ավելի ակնհայտ է դարձել, երբ հանրապետականները ի պատասխան ասել են, թե արգելքը պաշտպանել է ամերիկացիներին:
Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամներից Սքոթ Փերրին ասել է,- «Մինչ որոշ մարդկանց համար օդանավակայաններում մնալը կարող է անհարմարություն լինել, ես չունեմ այն մայրերի ու հայրերի, եղբայրների ու քույրերի, երեխաների նկարները ում ծնողները երբեք տուն չեն վերադարձել պատերազմի գոտում կամ իրենց համայնքներում այս մարդկանց կողմից հարձակման ենթարկվելու պատճառով»:
ԱՄՆ-ի Հայրենիքի անվտանգության նոր նախարարի վկայությունը ճիշտ ժամանակին էր արված: Մինչ դատարանները քննարկում են արգելքի օրինական լինելու հանգամանքը, նախագահ Թրամփը լրագրողներին ասել է, թե ինքը վստահ է, որ հրամանը կհաղթի:
ԱՄՆ-ի նախագահը ասել է,- «Գիտեք, գոյություն ունի օրենք, և ես դրա կողմնակիցն եմ, և գոյություն ունի նաև ողջախոհություն: Սա ողջախոհություն է»:
Սակայն որոշ քննադատների կարծիքով Թվիթերում Թրամփի հայտարարությունները իջեցնում են դատական ճյուղի դերը ԱՄՆ-ի կառավարությունում:
Թվում էր, թե Քելլին համամիտ էր Թրամփի հետ, երբ այս գործով զբաղվող դատավորներին հիշեցումներ էր ուղարկել:
Նա ասել է,- «Իրենց դատարաններում նրանք պաշտպանված են ինձ պես մարդկանց կողմից: Նրանք կարող են շարունակել այս քննարկումները, և եթե այս մարդկանց երկիր թողնելու արդյունքում որևէ բան պատահի, նրանք չեն գնա դատավորի մոտ, նրանք կգան ինձ մեղադրելու»:
Մինչ որոշվում է Դոնալդ Թրամփի հրամանի ճակատագիրը, ԱՄՆ-ի կառավարությունում մի կողմից մյուսի դեմ փոխադարձ հնչեցվող անսովոր ուղերձները շարունակվում են: