Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դաշնային վերաքննիչ դատարանը լսում է փախստականների մասին Թրամփի գործադիր որոշման դեմ բանավոր բողոքները


ԱՄՆ-ի դաշնային վերաքննիչ դատարանը երեքշաբթի օրը երեկոյան լսելու է ԱՄՆ-ում փախստականների ընդունումը ժամանակավորապես դադարեցնելու եւ մահմեդական 7 երկրներից այստեղ մուտքն արգելելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված գործադիր որոշման դեմ բանավոր բողոքները։


ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի դատավորներից Ջեյմս Ռոբարթն անցյալ ուրբաթ օրը հրահանգել էր ժամանակավորապես կասեցնել նախագահ Թրամփի գործադիր որոշման կիրառումը։

Հիշեցնենք, որ Թրամփը հրահանգել էր ժամանակավորապես դադարեցնել փախստականների ընդունումը եւ արգելել մահմեդական 7 երկրների անձնագրեր կրող բոլոր անձանց մուտքն ԱՄՆ։ Խոսքն Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի ու Եմենի քաղաքացիների մասին է։

Դատավորի կայացրած որոշման արդյունքում երկրի սահմանապահ ծառայությունները սկսել էին մուտքի օրինական արտոնագրեր ունեցող անձանց թույլատրել մուտք գործել ԱՄՆ-ի տարածք։

Թրամփի վարչակազմն այժմ փորձում է իր հերթին կասեցնել Ջեյմս Ռոբարթի որոշումը, որպեսզի ԱՄՆ մուտք գործելու արգելքը մնա ուժի մեջ։

Ինչպես Սպիտակ տան խոսնակ Շան Սպայսերն է ասում,

՝՝Մենք ընդհանրապես չենք վերանայում մեր ռազմավարությունը։ Նախագահն ունի Ամերիկայի ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու մեծ պարտք՛՛։
Նախագահ Թրամփն էլ ՝՝Թվիթեր՛՛-ի իր էջում դատապարտել էր դատավորի վճիռը, ասելով, թե այն Ամերիկան դնում է չափազանց մեծ վտանգի տակ ու ահաբեկչական որեւէ հարձակման դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է այդ դատավորի վրա։

Վճռաբեկ դատարանում երեքշաբթի օրը որպես հայցվորներ են հանդես գալիս Վաշինգտոն ու Մինեսոտա նահանգները։ Նրանց գործին աջակցում են 15 այլ նահանգների արդարադատության նախարարները, Ամերիկայի քաղաքացիական ազատությունների միությունը եւ մոտ 1ՕՕ ընկերություններ։
Ներգաղթի մասին Թրամփի ընդունած գործադիր որոշումը հիմնականում քննադատության է արժանանում երկու ուղղություններով։ Հարց մեկ. Ի՞նչ սկզբունքով են ընտրվել մահմեդական 7 երկրները։ Հարց երկու. Ինչո՞ւ են այդ ցանկից դուրս մնացել ահաբեկչությունների հետ արդեն երկար տարիներ ուղակի կապ ունեցող երկրները։

Սպիտակ տունը պատասխանում է, թե այդ ցանկը հիմնվել է Օբամայի վարչակազմի օրոք ընդունված Ահաբեկիչների ճամփորդությունները կանխելու գործառույթ անվանումը կրող օրենքի վրա։ Այս օրենքի կիրառմամբ փորձ էր արվում կասեցնել եւրոպական երկրների անձնագրեր կրող եւ Իրաքում, Սիրիայում ու այլ երկրներում զինված գործողությունների մասնակցած ՝՝օտար զինյալների՛՛ մուտքն ԱՄՆ։

Սակայն ինչպես Հյուսիսային Քարոլինայի համալսարանից Չարլզ Քուրզմանն է ասում, ՝՝Հարցն այն է, որ այդ յոթ երկրներից եւ ոչ մի քաղաքացի ահաբեկչական որեւէ գործողություն չի իրականացրել ԱՄՆ-ում՛՛։

՝՝Գերմանական Մարշալի հիմնադրամ՛՛-ի վերլուծաբաններից Ադնան Քիֆայաթն այդ յոթի ընտրությունը բացատրում է ԱՄՆ-ի հետ այդ երկրների թույլ կապերով։

՝՝Ասենք Սոմալին այն երկիրը չէ, որը իրականում կարող էր քաղաքական լուրջ մարտահրավեր ներկայացնել ԱՄՆ-ին։ Դա չեն կարող անել ո՛չ Լիբիան ու ո՛չ էլ Սիրիան՛՛։

Վերլուծաբաններն ասում են, թե Թրամփը գուցե լրացնի 7 երկրների ցանկը։ Սակայն այժմ, երբ հարցը դեռեւս քննարկվում է դատարաններում, դրա ապագան մնում է հարցականի տակ։

XS
SM
MD
LG