Մատչելի հղումներ

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախաշեմին


Ապրիլի 23-ին Ֆրանսիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ։ Ներկա նախագահ Ֆրանսուա Օլանդը չի դնում իր թեկնածությունը։ Իսկ նրանք, ովքեր դրել են իրենց թեկնածությունը, նախընտրական արշավը պաշտոնապես սկսեցին անցած շաբաթավերջին։

Ֆրանսիայի նախագահական նախընտրական արշավը ՝՝Անհնազանդ Ֆրանսիա՛՛ շարժման առաջնորդ Ժան-Լուկ Մելենշոնը սկսեց Լիոն քաղաքից՝ խորհուրդ տալով ընտրողներին, իր խոսքերով ասած, ՝՝չընկնել գեղեցիկ խոսքերի ազդեցության տակ՛՛։

՝՝Նայե՛ք ձեր շուրջը, լավ զննեք իրադրությունը ու բացատրեք ձեր շրջապատի մարդկանց։ Հարկավոր է գնալ քվեարկության, որպեսզի վերացնենք Ֆրանսիայում նախագահական միապետությունը՛՛։

Նախկին սոցիալիստ Մելենշոնը, որն իր խոսքերով, ընտրապայքարին մասնակցում է ՝՝քաղաքական կուսակցությունների շրջանակներից դուրս՛՛, իրեն համարում է աջթեւային թեկնածու Մարին Լե Պենի գլխավոր մրցակից։ Ի դեպ, վերջինս կիրակի օրն իր նախընտրական պայքարը նույնպես սկսեց Լիոն քաղաքից։ ՝՝Ազգային ճակատ՛՛-ի առաջնորդ Լե Պենի քաղաքականությունն ուղղված է ընդդեմ գլոբալիզացիայի ու իսլամի։

՝՝Այդ երկու գաղափարախոսություններն են ցանկանում ծնկի բերել Ֆրանսիան։ Մի կողմից գլոբալիզացված ֆինանսական համակարգի գաղափարախոսությունն է, մյուս կողմից՝ արմատական իսլամը, գաղափարախոսություն, որի հիմքը միայն կրոնն է՛՛։

Լե Պենը խոստանում է ընտրվելու դեպքում Ֆրանսիայում վեց շաբաթվա ընթացքում կազմակերպել Բրէքզիթի ոճի հանրաքվե։ Այսինքն՝ սկսել Ֆրանսիան Եվրոպական Միությունից դուրս բերելու գործընթաց։

Մելենշոնը, չնայած իրեն համարում է Լե Պենի գլխավոր մրցակից, վերլուծաբանների խոսքերով, առայժմ լուրջ վտանգ չի ներկայացնում Լե Պենի պոպուլիստական հիմքերի համար։ Ավելի մեծ վտանգ է Լե Պենի համար համարվում կառավարող սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող Բենուա Ամոնը։ Նախկին վարչապետ Մանուել Վալսի նկատմամբ կիրակի օրը տարած հաղթանակից հետո Ամոնը հայտարարեց Մելենշոնի հետ դաշինք կազմելու իր նպատակի մասին, ինչը, նրա խոսքերով, կտա համընդհանուր ընտրություններում հաղթանակ տանելու ավելի լավ հնարավորություն։

Սակայն անկախ նոր թեկնածուն կարող է բարդացնել իրադրությունը սոցիալիստների համար։ ՝՝Ա Մարշ՛՛, թարգմանաբար ՝՝Դեպի առաջ՛՛ քաղաքական նոր շարժման հիմնադիր ու առաջնորդ, երկրի էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախկին նախարար Էմանուել Մակրոնը պայքարում է կենտրոնամետ դիրքերից։ Շաբաթ օրը Լիոնում անցկացված հավաքի ժամանակ նա նույնիսկ ծաղրել է Լե Պենին։

՝՝Ոմանք, այսօր ձեւացնում են, թե խոսում են ժողովրդի անունից, սակայն նրանք պարզապես փորձում են նմանակել ժողովրդին, ինչպես խամաճիկներ՛՛։

Նախնական հարցումների տվյալներով, Լե Պենն ապրիլի 23-ի ընտրությունների առաջին փուլում կտանի հաղթանակ, սակայն մայիսի 7-ին անցկացվելիք երկրորդ փուլում պարտություն կկրի Մակրոնից։

Սակայն մինչեւ ապրիլ ու մայիս դեռեւս կա մի քանի ամիս։


XS
SM
MD
LG