Մատչելի հղումներ

Արնոլդ Շվարցնեգերը Թվիթթերում տեսանյութ է տեղադրել՝ ի պատասխան Դոնալդ Թրամփի կշտամբանքի


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս ծաղրել է «Ափրենթիս» հեռուստաշոուում իր տեղը զբաղեցրած դերասան Արնոլդ Շվարցնեգերին ցածր վարկանիշի համար: Այն բանից հետո, երբ նախագահը առաջարկել է աղոթել շոուի վարկանիշի համար, դերասանը տեսանյութ է տեղադրել Թվիթթերի իր էջում:

Ազգային աղոթքի նախաճաշը ամենամյա մի միջոցառում է, որի ժամանակ նախագահները գովաբանում են կրոնը և եղբայրությունը աշխարհի շուրջ տարբեր երկրների կրոնական, քաղաքական, հասարակական և բիզնեսի ոլորտի առաջնորդների հետ: Նախագահ Թրամփը այս առիթը օգտագործել է իր հյուրերին հիշեցնելու՝ թե 2015 թվականին իր լքած հեռուստատեսային շոուում ինչ մեծ հաջողության էր հասել:

Նախագահ Թրամփն ասում է,- «Մենք մեծ հաջողության հասանք "Ափրենթիս" շուուի ժամանակ, և երբ ես իմ թեկնածությունը դրեցի նախագահի պաշտոնի համար, ստիպված էի թողնել այն: Նրանք ինձ փոխարինելու համար աշխատանքի վերցրին հանրահայտ կինոաստղ՝ Արնոլդ Շվարցնեգերին: Ինչի հետևանքով հաղորդման վարկանիշը կտրուկ իջավ: Եկեք աղոթենք, Արնոլդի վարկանիշի համար»:

Սա առաջին դեպքը չէր, երբ Թրամփը անդրադարձել է շոուի անկում ապրող վարկանիշին: Նախկինում Շվարցնեգերը պատասխանել էր` Թվիթերի իր էջում ընկերական հայտարարություններ տեղադրելով: Սակայն այս անգամ դերասանը տեսանյութ է պատրաստել նախագահի համար:

Շվարցնեգերը տեսանյութում ասում է,- «Դոնալդ, ես հրաշալի գաղափար ունեմ: Ինչու՞ չփոխանակենք մեր աշխատանքները: Քանի որ դու վարկանիշների այդպիսի գիտակ ես, զբաղվիր հեռուստատեսությամբ, ես էլ քո գործով կզբաղվեմ, մարդիկ էլ վերջապես կկարողանան հանգիստ քնել»:

Ծագումով ավստրիացի դերասանը, ով նույնպես հանրապետական է և երկու անգամ Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնն է զբաղեցրել, ասել էր, որ նախնական ընտրությունների ժամանակ ինքը քվեարկել էր Թրամփի հակառակորդ Ջոն Քեիսիքի օգտին:

XS
SM
MD
LG