ԱՄՆ-ի արտգործնախարարի պաշտոնում վերջերս երդում տված Ռեքս Թիլերսոնը հեռախոսային զրույցներ է ունեցել Մեքսիկայի ու Կանադային իր պաշտոնակիցների, ինչպես նաեւ Իսրայելի վարչապետի հետ:
Պետդեպարտամենտում պաշտոնավարման առաջին օրն ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության նոր ղեկարարն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելին:
Գաբրիելի հետ հանդիպման մասին գրավոր տեղեկություններ չեն հրապարակվել, սակայն հստակ է, որ հանդիպումը կենտրոնացել է ՆԱՏՕ-ին, Իրանի հետ միջուկային գործարքին ու առեւտրին վերաբերող հարցերի վրա:
Վաշինգտոնում Գերմանիայի դեսպանատանը լրագրողների առջեւ հանդես գալով` Գաբրիելն ասել է, թե ինքը “երախտապարտ է այս վաղ շրջանում Վաշինգտոն այց կատարելու հրավեր ստանալու համար”:
Նա ասել է. “Ես այստեղ եմ եկել ոչ միայն Ռեքս Թիլերսոնի հետ ծանոթանալու համար, այլ նաեւ այս խոցելի ժամանակահատվածում Միջատլանտյան դաշինքի կարեւորությունը շեշտելու նպատակով: ՆԱՏՕ-ն Եվրոպայի խաղաղության, անվտանգության ու կայունության համար անփոխարիների երաշխավորն է: Իսկ ԱՄՆ-ի հետ Եվրոպայի համագործակցությունը կարեւոր է միջազգային խնդիրները հարթելու համար, որոնցից են Սիրիայի քաղաքացիական պատերազմը, Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացը, ուկրաինական ճգնաժամը”:
Նրա խոսքերով, ժամանակին առկա են եղել քաղաքական դժվարություններ Գերմանիայի ու ԱՄՆ-ի միջեւ: “Սակայն հակառակ դրան, միշտ էլ իմացել ենք, որ մեր բարեկամությունն ու համագործակցությունը հենված են եղել նույն արժեքների վրա”:
Գերմանիայի արտգործնախարարի ու ԱՄՆ-ի պետքարտուղարի միջեւ հանդիպումը տեղի է ունենում, երբ փախստականների մուտքն արգելելու եւ մահմեդական 7 երկրներից ներգաղթը ժամանակավորապես դադարեցնելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված որոշումն արժանանում է միջազգային դատապարտման:
Այս հարցը մեկ անգամ եւս վեր է հանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը հինգշաբթի օրն Անկարա կատարած այցի ժամանակ` հայտարարելով, թե ահաբեկչության դեմ պայքարը չի արդարացնում մահմեդականներին համընդհանուր կասկածի տակ դնելու հանգամանքը: