Մատչելի հղումներ

Արշավ` ընդդեմ Դոնալդ Թրամփի գործադիր որոշման


Մահմեդական խոշոր 7 երկրներից ներգաղթը ժամանակավորապես դադարեցնելու մասին նախագահական գործադիր հրահանգ արձակվելուց մեկ շաբաթ անց ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամները նոր արշավ են սկսում` կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին չեղյալ հայտարարել իր ստորագրությամբ վիճահարույց այս որոշումը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամները, միանալով օդանավակայաններում ու Գերագույն դատարանի առջեւ բողոքի ակցիաներ անցկացնող ցուցարարներին, հայտարարում են, թե Դոնալդ Թրամփն արդեն դրժել է երդման արարողության ժամանակ ընդունած սկզբունքները:

Ինչպես Պալատի դեմոկրատ փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին է ասում. “Այսօր նրանք ինչ անում են, ոչ միայն հակասահմանադրական է, այլ նաեւ վտանգ է Ամերիկայի ժողովրդի համար”:

Պաշտպանելով ընդունված գործադիր հրահանգը` Սպիտակ տան խոսնակ Շան Սպայսերն ասում է, թե Ամերիկայի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների կեսը կողմ է նշված երկրներից ներգաղթը ժամանակավորապես դադարեցնելու որոշմանը: “Դա պիտի ուժի մեջ մնա, քանի դեռ չկան վտանգ հանդիսացող անձանց Ամերիկայից հեռու պահելու այլ միջոցներ”, ասել է նա:

Ներկայացուցիչների պալատի անդամ Դեբի Դինջելը նշում է Ամերիկայի մահմեդական համայնքներում այս օրերին տարածված վախի մթնոլորտը: “Նրանք”, ասում է կոնգրեսականը, “ ամեն րոպե սպասում են, որ ինչ որ մեկը կարող է առավոտյան ժամը 3-ին թակել իրենց դուռը, իրենց դուրս հանել անկողնուց ու վտարել երկրից”:

Նրա խոսքերով, ազգային անվտանգությունը նաեւ նշանակում է հարգանք սահմանադրության սկզբունքների, այդ թվում խղճի ազատության սկզբունքի նկատմամբ:

Եթե դեմոկրատ կոնգրեսականներից շատերն այս որոշումը համարում են քայլ` ուղղված ընդդեմ մահմեդականության, Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայընը սա համարում է ներգաղթի ընթացքում միայն մի կարճ դադար:

“Փարզի ահաբեկչական գործողությունն իրականացրածներից մեկը սիրիացի փախստական էր: Եվ մենք չենք ուզում արժանանալ նույն ճակատագրին: Սա է ազգային անվտանգության սկզբունքը”:

Այս դրոշը ծածանելով է այսօր առաջ շարժվում Դոնալդ Թրամփի վարչակազմը, ինչն անհավանական է դարձնում մահմեդական 7 երկրներից ներգաղթը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումը չեղյալ հայտարարելու հնարավորությունը:

XS
SM
MD
LG