Մատչելի հղումներ

Փախստականների վերաբերյալ նախագահ Թրամփի հրամանագրի նկատմամբ համաշխարհային հանրության արձագանքը


US President Donald Trump signs an executive order to impose tighter vetting of travelers entering the United States, at the Pentagon in Washington, Jan. 27, 2017.
US President Donald Trump signs an executive order to impose tighter vetting of travelers entering the United States, at the Pentagon in Washington, Jan. 27, 2017.

Փախստականների վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը ոչ միանշանակ արձագանքների է արժանացել տարբեր երկրների իշխանությունների ու քաղաքական գործիչների կողմից:

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ստորագրել է համաձայնագիր Օբամայի վարչակազմի օրոք՝ պարտավորվելով ընդունել 1200 փախստական Իրանից, Իրաքից ու Աֆղանստանից, ովքեր ներկայումս հանգրվանել են Պապուա Նոր Գվինեայի ու Նաուրոյի ճամբարներում: Սպիտակ տունը սակայն հայտարարել էր, որ ներմուծվող նոր համակարգը վերաբերում է բոլոր փախստականներին:

Իրանի նախագահ Հասան Ռուհանին ասել է, որ կիրառվող արգելափակումը հակասում է բոլոր միջազգային պարտավորություններին ու սկզբունքներին: Ըստ նախագահի, այս հրամանագիրը հակասում է նաև ԱՄՆ-ի մոտեցմանը, ըստ որի այն դեմ է ոչ թե Իրանի ժողովրդին, այլ՝ Իրանի իշխանություններին:

«Այս որոշման հիմքում ընկած է անօրինական խտրականությունը: Նրանք միշտ ասում են՝ մենք պաշտպանում ենք մարդու իրավունքները, սակայն սա մարդու իրավունքների խախտում է», - հայտարարել է նախագահը:

Միևնույն ժամանակ Թրամփի հրամանագրերին աջակցություն է հայտնել մահմեդական մեծամասնություն ունեցող Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար շեյխ Աբդալահ բին Զայեդը, ով հայտարարել է, որ նախագահի հրամանագրերն ԱՄՆ-ի ինքնիշխան իրավունքն է և կապված չէ որևէ կրոնի հետ:

Նման մի արձագանք է տվել նաև Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն, ով ասել է, որ Եվրոպան այսօր այն դիրքերում չէ, որ ուրիշների ընտրության մասին կարծիք հայտնի:

Թրամփի վարչակազմի հրամանագրերին աջակցություն են հայտնել Եվրոպայի ծայրահեղ աջակողմյան ուժերը: Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լա Պենը, ով խոստացել է հաղթանակի դեպքում սահմանափակել ներգաղթն ու փակել երկրի սահմանները, կողմ է Թրամփի հրամանագրերին, իսկ Նիդերլանդների ծայրահեղ աջակողմյան թեկնածու Գերտ Ուիլդերսը շնորհավորել է Թրամփին հրամանագրերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ սա միակ ձևն է ապահովելու անվտանգությունը: Նախագահ Թրամփին այս հարցում աջակցություն են հայտնել նաև Գերմանիայի և Իտալիայի պոպուլիստական կուսակցությունները:

Փորձագետների կարծիքով, սակայն, խնդիրը կապված է ոչ թե ներգաղթի, այլ՝ ներգաղթյալների երկրորդ սերնդի ինտեգրացման հետ, որի վառ ապացույցը Փարիզի և Բրյուսելի ահաբեկչություններն էին՝ իրականացված ներգաղթած եվրոպացիների երկրորդ սերնդի ներկայացուցիչների կողմից:

XS
SM
MD
LG