Մատչելի հղումներ

Մեծանում է Դոնալդ Թրամփի դեմ հարուցվող դատական գործերի թիվը


Երկու շաբաթ էլ դեռեւս չկա, որ Դոնալդ Թրամփը ստանձնել է ԱՄՆ-ի նախագահի պարտականությունները, սակայն նրա դեմ արդեն հարուցվել է դատական մի քանի գործ։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արձակված նախագահական գործադիր հրահանգներից ամենավիճահարույցը մահմեդական յոթ երկրներից 9Օ օրով մուտքն արգելելու ու սիրիացի փախստականների ընդունումը դադարեցնելու մասին որոշումն էր։

Այս հարցով հարուցվել են դատական գործեր ընդդեմ Թրամփի։ Հարուցված գործերից մեկի մասին հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Մասաչուսեթսի գլխավոր դատախազ Մորա Հիիլին, ում խոսքերով, նախագահական այս հրահանգը ՝՝վնասակար է, խտրական ու ոչ սահմանադրական՛՛։

Մասաչուսեթսից առաջ դատական գործ էր հարուցել Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկոյի դատարանը՝ բողոքելով այն որոշման դեմ, ըստ որի քաղաքը կարող է զրկվել դաշնային ֆինանսավորումից, եթե շարունակի ապաստան տալ առանց փաստաթղթերի ներգաղթյալներին։


Քաղաքի դատախազներից Դենիս Հերերայի խոսքերով,՝՝Սան Ֆրանցիսկոյին ու այլ քաղաքների դաշնային միլիարդավոր դոլարներից զրկելու մասին նախագահի գործադիր հրահանգը ոչ միայն ոչ սահմանադրական է, այլ նաեւ՝ ոչ ամերիկյան՛՛։


Դատական գործ հարուցելու մասին էր երկուշաբթի օրը հայտարարել նաեւ Վաշինգտոն նահանգը, որի գլխավոր դատախազ Բոբ Ֆերգուսընի խոսքերով, իրենց հարուցած գործն ընդգրկուն է։

՝՝Նպատակը գործադիր այդ հրահանգի գլխավոր դրույթները անօրինական ու հակասահմանադրական հայտարարելն է՛՛։

Թրամփի դեմ գործ է հարուցել նաեւ Ամերիկա-մահմեդական հարաբերությունների խորհուրդը։

Իսկ իր հրահանգներն ուժի մեջ չդնելու պատճառով ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնակատար Սելլի Յեթսին պաշտոնանկ անելու Թրամփի որոշումը զայրացրել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի իրավագիտության դասախոս Սեմ Էրմանին, ում խոսքերով, նման որոշումները հանգիստ չեն անցնում ու մտնում պատմություն։

՝՝ Ու շատերի մոտ է առաջ գալիս այն համոզմունքը, որ սա ինչ որ կերպ դեմ է մեր օրենքներին՛՛։

Իսկ ահա հանրապետական օրենսդիրների մեծ մասը պաշտպանում է նախագահի հրահանգը։

Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայընի խոսքերով, հարկավոր է մի քիչ սպասել, պարզելու համար, թե ինչպես է գործում որոշումը եւ պարզելու, թե արդյոք այն երաշխավորում է երկրի անվտանգությունն ու ապահովությունը։

Նա խոստանում է, որ փախստականներին տեղաբաշխելու ծրագիրը կվերսկսվի, երբ վերականգնվեն ազգային անվտանգության պայմանները։

XS
SM
MD
LG