Շուտով հայտնի կդառնա նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած Գերագույն դատարանի թեկնածուի անունը: Նրա և պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնի նշանակումները պետք է հաստատի ԱՄՆ-ի Սենատը:
«Իմ ընտրած թեկնածուն չափազանց հարգված անձնավորություն է, և ես կարծում եմ, որ բոլորդ տպավորված կլինեք այդ թեկնածուով: Վաղը ժամը 20:00-ին Սպիտակ Տանը ես կհայտարարեմ նրա անունը»,- հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:
Եթե ԱՄՆ-ի Սենատը հաստատի այդ թեկնածուին, նա կզբաղեցնի 2016 թվականի փետրվարին մահացած պահպանողական դատավոր Անտոնին Սկալիայի թափուր մնացած աթոռը: Քարոզարշավի ժամանակ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ նա այդ պաշտոնում կնշանակի դատավոր Սքալիայի նման անձնավորությանը:
Նախագահ Բարաք Օբաման առաջ էր քաշել դատավոր Մերիք Գարլանդի թեկնածությունն այդ պաշտոնում անցած մարտին: Սակայն հանրապետականները Սենատում հրաժարվեցին հաստատել Օբամայի թեկնածուին՝ ասելով, որ ցանկալի է նոր թեկնածուն նշանակվի Օբամայի հաջորդի կողմից:
Սենատում դեմոկրատներն առաջ են տանում թեկնածուի՝ 60 ձայների մեծամասնությամբ հաստատման ձևաչափը: Այս պահին հանրապետականներն ունեն ընդամենը 52 ձայն Սենատում:
Միևնույն ժամանակ, Սենատում շարունակվում են քննարկումներն ԱՄՆ-ի պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնի հաստատման շուրջ: Երկուշաբթի օրը տեղի ունեցած քվեարկության արդյունքում Թիլերսոնի թեկնածությունը ստացավ 56 ձայն Սենատում: Այս քվեարկության շնորհիվ մոտ օրերս նրա թեկնածությունը կհաստատվի:
Քաղաքական փոքրամասնության ղեկավար, դեմոկրատ սենատոր Չաք Շումերը կոչ է արել տեղափոխել վերջնական քվեարկությունը մինչև Թիլերսոնը չպատասխանի որոշ հարցերի՝ կապված նախագահ Թրամփի հրամանագրի հետ փախստականների և 7 մահմեդական մեծամասնությամբ երկրներից մարդկանց մուտքն ԱՄՆ-ը արգելափակելու վերաբերյալ:
«Կարևոր հարցերից են, թե արդյո՞ք նա մասնակցել կամ ներգրավված է եղել քննարկումներին հրամանագրերի կազման փուլում: Ինչպիսի՞ պատասխան նա կտա այլ երկրներից հնչած հորդորներին՝ վերանայելու նախագահ Թրամփի հրամանագրերը: Արդյո՞ք նա չի կարծում, որ դրանով մենք ավելի ապահով չենք լինի: Չի կարծում արդյո՞ք, որ դա կզայրացնի աշխարհում մահմեդական համայնքներին»,- ասել է սենատոր Շումերը:
Չնայած Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ունեցած իր ջերմ հարաբերությւոնների՝ Սենատի արտաքին հարաբերությւոնների հանձնաժողովում Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար:
Դեմոկրատների մեծամասնությունը դեմ է Թիլերսոնի թեկնածությանը, սակայն անզոր է տապալելու նրա հաստատումը, եթե իհարկե նրանց չմիանան որոշ հանրապետականներ, որը անհավանական է թվում:
Երկու հանրապետական առաջնորդներ, սենատորներ Ջոն Մաքքեյն ու Լինդսի Գրահանը քննադատել են Թրամփին այն բանի համար, որ վերջինս չի քննարկել մուտքի արգելք սահմանելու կարգը դաշնային համապատասխան մարմինների հետ: Նրանք մտահոգություն են հայտնել նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու Թրամփի ցանկության վերաբերյալ: Սակայն նրանք խուսափել են հայտարարել, որ կսառեցնեն Թիլերսոնի թեկնածության հաստատումը: