Մատչելի հղումներ

Եվրամիության անդամները ցանկանում են եզդի փախստականներ ընդունել


Պորտուգալիան ցանկացել է իր մոտ ընդունել Դաեշից փրկված եւ Հունաստանում ժամանակավոր ապաստան ստացած մի քանի հարյուր եզդի փախստականների, սակայն, պաշտոնական Աթենքը մերժել է այդ դիմումը, ասելով, որ թույլ չի տալու Եվրամիության անդամ երկրներին ընտրել փախստականներին:

«Կառավարությունը չի կարող ռասայական խտրականություն ցուցաբերել: Մենք եզդիներին մեծ համակրանքով ենք վերաբերվում, սակայն, Հունաստանի կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի համար խտրականությունն անընդունելի է», - ասել է Հունաստանի միգրացիայի նախարար Յանիս Մուզալասը:

Պորտուգալիան սակայն նշում է, որ խոսքը գնում է ոչ թե խտրականության, այլ՝ ահաբեկչություններից տուժած մարդկանց նկատմամբ աջակցության մասին.

«Այս մարդիկ խտրականության զոհ են եղել արդեն Եվրոպայի երկրներ տեղափոխվելու ընթացքում, մինչդեռ, նրանք բարբարոսություններով են անցել», - նշել է Եվրախորհրդարանի Պորտուգալիայի պատգամավոր Անա Գոմեսը:

Իրաքում տեղակայված հազարավոր եզդի փախստականներին օգնություն տրամադրող ԱՄԱՐ մարդասիրական խմբի հիմնադիր, բրիտանացի խորհրդարանական բարոնուհի Էմա Նիքոլսոնը նշում է, որ եզդիները արժանի են հատուկ վերաբերմունքի.

«Նրանք առաջնահերթ օգնության կարիք ունեն, քանի որ հենց նրանք են ցեղասպանության ենթարկվել»:

Մինչ Եվրամիությունը շարունակում է քննարկել 2,5 հազար եզդիների նկատմամբ "խտրականությանը հակադիր մոտեցում" ցուցաբերելու հնարավորությունը, Հունաստանի իշխանությունները փորձում են ԵՄ-ից օգնություն ստանալ երկրում գտնվող 60,000 ներգաղթյալների տեղավորման հարցում:

XS
SM
MD
LG