Մատչելի հղումներ

Նոր հակասություններ` Թուրքիայի ու Հունաստանի միջեւ


Նոր ու խորը հակասություններ ու լարվածություն է առաջ գալիս Թուրքիայի ու Հունաստանի միջեւ, երբ վերջինս մերժում է անցյալ տարվա հուլիսյան հեղաշրջման փորձի մեջ կասկածյալ թուրք 8 զինծառայողներին արտահանձնելու Թուրքիայի դիմումը:

Թուրքիայի բանակի երեք մայորներ, երեք կապիտաններ ու երկու սերժանտներ հուլիսի 16-ին` հուլիսյան հեղաշրջման ձախողված փորձի հաջորդ օրը ռազմական մի ուղղաթիռով դիմեցին փախուստի, վայրէջք կատարեցին Հունաստանում ու անմիջապես ներկայացրին քաղաքական ապաստան ստատալու խնդրանքով դիմումներ:

Հունաստանի Գերագույն դատարանը վերջերս հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ Թուրքիայում սկսված զանգվածային ճնշումների պայմաններում մեծ է այս թուրք 8 զինվորականների իրավունքները նույնպես ոտնահարելու հնարավորությունը: Դատարանը կայացրեց նրանց արտահանձնելու Թուրքիայի խնդրանքը մերժելու մասին որոշում:

Ինչպես թուրք զինվորականների հույն փաստաբանն է ասում, “Դատարանի որոշումը եվրոպական արժեքների ու Հունաստանի արդարադատության մեծ հաղթանակ էր”:

Թուրքիան պնդում է, որ հեղաշրջման փորձն իրականացվել էր ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնավոր Ֆեթուլլահ Գյուլենի հովանավորությամբ, ու շարունակում ձերբակալությունները: Մինչ այժմ աշխատանքից զրկվել է մի քանի հարյուր հազար մարդ:

Լոնդոնից գործող “ROYAL UNITED SERVICES” հաստատության վերլուծաբաններից Թահիր Աբբասի խոսքերով, “Թուրքիան դեռեւս չի ապացուցել, որ Գյուլենն է կանգնած դրա հետեւում: Իսկ այն, որ Հունաստանը մերժում է արտահանձնելու խնդրանքը, մեծապես վնասում է նախագահ Էրդողանի հեղինակությանը: Սա հարված է նրա կարգավիճակին, նրա անձին ու հեղինակությանը”:

Հունաստանի որոշմանն ի պատասխան, Թուրքիայի արտգործանախարարությունը հայտարարել է, թե պետք է վերանայվեն երկու երկրների հարաբերությունները: Այսպիսով կարող են փակուղի մտնել Կիպրոսը վերամիավորելու հարցով անցկացվող բանակցությունները:

Ինչպես փորձագետներն են ասում, Կիպրոսի խնդրի լուծումը Թուրքիայում համարվում է ազգային հարց: Ինչը նշանակում է, որ իր կոկորդում մնացած այս ոսկորը Թուրքիայի նախագահ Էրդողանը կարող է կուլ տալ միայն Կիպրոսում խաղաղության հասնելու դեպքում:

Անկարան համաձայնել էր արգելել իր ափերից դեպի հունական կղզիներ ուղեւորվող փախստականների երթը: Այժմ սպառնում է հրաժարվել գործարքից, ինչը հույն-թուրքական հարաբերություններում մի նոր խոչընդոտ է ու մեկ այլ ոսկոր:

XS
SM
MD
LG