10-12 մետրանոց պատի կառուցումն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին կձգվի Մեքսիկայի ծոցից մինչև Խաղաղ օվկիանոս:
«Ցավոք մարդիկ փորձում են շրջանցել պատը՝ օվկիանոսում լողալով կամ փոքր ձկնորսական նավակներ օգտագործելով, որի արդյունքում խեղդվում են»,- ասում է Border Angels միության հիմնադիր Էնրիկիո Մորոնեսը:
Մորոնեսն իր առաքելություն է համարում որպես Border Angels միության հիմնադիր օգնել ներգաղթյալներին հարավային սահմանի երկայնքով, ներառյալ նրանց, ովքեր մեծ տանջանքների են ենթարկվում սահմանի երկու կողմերի անապատներում, որը ներգաղթյալների շրջանում մահվան հիմնական պատճառներից մեկն է:
«1994 թվականին կառուցած այս պատնեշի արդյունքում մինչ օրս ավելի քան 11 հազար զոհ է եղել: Ամերիկա-մեքսիկական սահմանը 3145 կիլոմետր է, և դրա մեկ երրորդն ունի կառուցած պատնեշ: Բոլոր քաղաքների մոտ կառուցած են նման պատնեշներ»:
Նախագահ Թրամփը հայտարարել է, որ պատի կառուցումը չափազանց անհրաժեշտ է՝ Կենտրոնական Ամերիկայից անօրինական ներգաղթը կանխելու համար:
«Մեր հարավային սահմաններին ճգնաժամ է: Անօրինական ներգաղթի աննախադեպ հոսքը Կենտրոնական Ամերիկայից վնասում է, թե՛ Մեքսիկային և թե՛ ԱՄՆ-ին»,- հայտարարել է նախագահ Թրամփը:
«Եթե մարդիկ մտածում են, որ սահմանը ամբողջապես չի վերահսկվում, ապա սխալվում են: Մենք ունենք մոտ 1000 կիլոմետր ցանկապատած սահմանային հատված: Կան նաև բնական արգելքներ: Կան բարձունքներ օրինակ Արիզոնայում մոտ 3350 մետր բարձրությամբ, որոնք բնական սահման են չափազանց վտանգավոր ՝ անցնելու համար»,- ասում է Սահմանային հետազոտությունների կենտրոնից Իվ Միդը:
Սան Դիեգոյի ոստիկանության պաշտոնաթող լեյտենանտ Շոն Մերֆին ասում է, որ Հարավային Կալիֆոռնիայում անօրինական ներգաղթը նվազեց արգելապատնեշների կառուցման արդյունքում, սակայն դա չլուծեց խնդիրը:
«Դրանց կառուցումը անօրինական ներգաղթի ճանապարհները մղեց դեպի անապատային տարածքներ, ուր գործում են մաքսանենգների խմբեր, այսպես կոչված «կոյոտներ»: Արդյունքում մարդիկ են զոհվում անապատներում բարձր ջերմաստիճանից, հյուծվելուց կամ ծարավից: Կոյոտներն են այն մարդիկ, ում պետք է հետապնդել»,- ասում է պաշտոնաթող ոստիկանը:
Ըստ Վաշինգտոն Փոստի, եթե պատնեշ կառուցվի բոլոր այն մասերում, ուր այն դեռևս չկա, այդ ծրագիրը կարժենա մոտ 25 միլիարդ դոլար: Նախագահ Թրամփի հաշվարկները կիսով չափ ավելի համեստ են: