Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփը սկսել է իր նախընտրական խոստումների իրականացումը


Trump sign executive orders
Trump sign executive orders

Սպիտակ Տուն տեղափոխվելուց կարճ ժամանակ անց, նախագահ Դոնալդ Թրամփը ձեռնամուխ եղավ իր մի շարք նախընտրական խոստումների իրականացմանը: Առևտրային համաձայնագրերի վերաբերյալ նրա առաջին որոշումներից դարձան ԱՄՆ-ի դուրս բերումը Միջխաղաղօվկիանոսյան համագործակցությունից:

Նավթի արտադրողականության մեծացման առումով նախագահ Թրամփը ստորագրեց նախագահական հրամանագրեր՝ լիազորելով պատկան մարմիններին նոր բանակցություններ սկսել Keystone XL և Dakota Access նավթուղիների կառուցման համար: Keystone XL նավթամուղը կանադական նավթային հումքը կտեղափոխի Մեքսիկայի ծոցի մոտ գործող վերարտադրողական գործարաններ, իսկ Dakota Access-ը նախատեսում է նավթը փոխադրել Հյուսիսային Դակոտայից Իլինոյս նահանգ: Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կվերաբանակցի կանադական կողմի հետ Keystone-ի նախագիծը, որի շնորհիվ կստեղծվեն հավելյալ 28 հազար աշխատատեղեր:

Նավթամուղերի կառուցման որոշումները բողոքի նոր ալիք են բարձրացրել ԱՄՆ-ում: Օրերս տեղի ունեցավ բողոքի երթ դեպի Սպիտակ Տուն, որն առաջնորդում էին երկու կոնգրեսականներ: Դեմոկրատ կոնգրեսական Ռաուլ Գրիջալվան սուր քննադատության ենթարկեց նախագծերը՝ ընդգծելով, որ դրանք անտեսում են կլիմայի փոփոխության հետ կապված հարցերը: Բողոքի ցույցեր տեղի ունեցան նաև Սիեթլում:

Նախկին նախագահ Բարաք Օբաման 2015 թվականին հրաժարվել էր ստորագրել Keystone ծրագիրը՝ բնապահպանական խնդիրներից ելնելով: Անցած տարի ԱՄՆ-ի բանակի ինժեներական կորպուսն արգելափակեց Dakota Access նախագիծը՝ հաշվի առնելով տեղի բնիկ ամերիկացիների ու նրանց աջակիցների բողոքները, որ այդ նախագիծը վնաս է հասցնելու նրանց խմելու ջրի պաշարներին և բնիկ ամերիկացիների մշակութային ժառանգությանը:

Ինչ վերաբերվում է անօրինական ներգաղթյալների մասին նախընտրական խոստումներին, ապա նախագահ Թրամփի հրամանագրերը նախատեսում են Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցում, ինչպես նաև փախստականների հոսքի սահմանափակում: Թրամփի վարչակազմը պատրաստվում է պայքարել քաղաքային այն իշխանությունների դեմ, որոնք աջակցություն են տրամադրում անօրինական ներգաղթյալներին:

Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայի հետ պատի կառուցումը կտևի մի քանի ամիս և կարժենա 10 միլիարդ դոլար, որը նախագահի պնդմամբ կփոխհատուիցի Մեքսիկայի կառավարությունը: Չնայած դրան՝ մեքսիկական կողմը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում վճարել պատի կառուցման համար: Մեքսիկայի նախագահը մոտ ժամանակներս կայցելելի Վաշինգտոն՝ սահմանների անվտանգության ու առևտրային հարաբերությունների հետ կապված հարցերը քննարկելու համար:

Հայտնի է նաև, որ հրամանագրերից մեկը նախատեսում է Միացյալ Նահանգներ առնվազն 30 օրյա մուտքի արգելք սահմանել Սիրիայից փախստականների համար, որտեղ, ինչպես հայտնի է, դեռևս շարունակում են մնալ մի քանի տասնյակ հազարավոր սիրիահայեր: Սիրիայից բացի ժամանակավոր արգելքը կտարածվի նաև Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի վեց այլ երկրներից փախստականների վրա, ներառյալ Իրաքը, Իրանը, Լիբիան, Եմենը, Սոմալին ու Սուդանը: Չի բացառվում, որ հրամանագրում նշվի, որ մուտքի արգելքի ռեժիմը չի տարածվում կրոնական փոքրամասնությունների վրա, ովքեր ենթարկվում են հետապնդումների:

XS
SM
MD
LG