Մատչելի հղումներ

Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթվով հետընթաց է արձանագրվել


Corruption map
Corruption map

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության (ԹԻ) Կոռուպցիայի ընկալման համաթվով (ԿԸՀ) 2016թ. արդյունքներով Հայաստանը 2016 թ-ին հետընթաց է արձանագրել թե՛ Կոռուպցիայի ընկալման համաթվի գլոբալ վարկանիշային աղյուսակում, եւ թե՛ ընկալման համաթվով:

1995-ից ի վեր, 22 տարի անընդմեջ, ԹԻ-ը հրապարակում է ԿԸՀ-ը` ներկայացնելով հանրային ոլորտում առկա կոռուպցիայի ընկալումը, որը հիմնված է փորձագիտական գնահատականների և հարցումների վրա: «Խոսքը պետական համակարգում առկա կոռուպցիայի հանրային ընկալումների մասին է: Հետազոտությունը հիմնված է գործարարների եւ փորձագետների գնահատականների եւ հարցումների վրա»,- Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ներկայացրեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Եվ այսպես, եթե նախորդ տարի 0-ից 100 նիշանոց սանդղակում Հայաստանի համաթիվը 35 էր, ապա այժմ՝ 33: Որքան համաթիվը ձգտում է 100-ի, այնքան երկիրը քիչ կոռումպացված է գնահատվում: 2014 թ-ի համեմատ անկումը կազմում է արդեն 4 միավոր, ինչն արդեն էական ցուցանիշ է համարվում։ Իսկ կոռուպցիայի միջազգային դասակարգման աղյուսակում 2015 թվականի համեմատ անցյալ տարի Հայաստանը նահանջել է 18 տեղով։ Սա, Հոկտանյանի խոսքերով, մտահոգիչ է, քանի որ «մենք դոփում ենք տեղում և առաջընթաց չկա»: Սակայն ըստ նրա առավել մտահոգիչ է, որ նահանջի միտում կա կոռուպցիայի ընկալման համաթվում։ 2016թ.-ին Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով 176 երկրների շարքում Բոլիվիայի և Վիետնամի հետ կիսում է 113-ից 115-րդ տեղերը:

Տարբեր ուսումնասիրություններով Հայաստանում ամենակոռումպացված կառույցները համարվում են դատարաննները եւ առողջապահական հիմնարկները, հարկային մարմինները եւ նախագահի աշխատակազմը: Հարցին, թե կառավարությունում ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն ինչ օգուտ է տալիս, Վարուժան Հոկտանյանն ասաց, որ խորհուրդներով հարցերը չեն լուծվում. «Խորհուրդն այդպիսի խնդիրներ կարող է լուծել միայն, եթե կա քաղաքական կամք»: Ի դեպ, կոռուպցիայի հարցում ամենամեծ հետընթացը Հայաստանն ունեցել է 2008-2011 թվականներին:

Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարածաշրջանային բաժանմամբ Հայաստանը ներառված է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ, որտեղ ներառված են Եվրամիության անդամ չհանդիսացող բալկանյան երկրները՝ Չերնոգորիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ալբանիա, Մակեդոնիա և Կոսովո, նախկին խորհրդային հանրապետությունները` բացի ԵՄ անդամ բալթյան հանրապետություններից և Թուրքիան: Տարածաշրջանի 19 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը, մինչդդեռ երկու տարի առաջ զբաղեցնում էր 8-րդ տեղը:

«2016թ. այս տարածաշրջանի երկրներից Կոսովոն և Բելառուսը առաջ անցան Հայաստանից: Արդյունքում, նախորդ տարվա համեմատ, Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություններից այժմ զիջում է ոչ միայն բալթյան հանրապետություններին և Վրաստանին, որի ԿԸՀ 2016թ. համաթիվը հավասար է 57-ի (2015թ. 52-ի փոխարեն կա աճ 5 միավորով), որն ամենաբարձրն է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում, այլև այժմ նաև Բելառուսին, որի ԿԸՀ-ն 2016թ. ունեցավ շատ տպավորիչ բարելավում (2015-ի 32-ից մինչև 40 2016-ին՝ կամ 8 միավոր)՝ ԿԸՀ արժեքի իր աճով ամբողջ աշխարհում զիջելով միայն Սուրինամին, որի ԿԸՀ-ն աճել է 9 միավորով»։

Իր հարևաններից Հայաստանը, ինչպես և նախորդ տարիներին շարունակում է զիջել նաև Թուրքիային (41՝ 2015-ի 42-ի փոխարեն), որը շարունակում է գրանցել էական նահանջ սկսած 2012-ից, երբ նրա ԿԸՀ արժեքը հավասար էր 49 միավորի: Հայաստանի մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի, 2016թ. ԿԸՀ համաթվերը 2015թ. համեմատ բարելավել են համապատասխանաբար 1 և 2 միավորով, հավասարվելով 30-ի` Ադրբեջանի դեպքում (123-ից 130-րդ տեղեր) և 29-ի` Իրանի դեպքում (131-ից 135-րդ տեղեր)՝ առայժմ զիջելով Հայաստանին:

Կան մխիթարական տվյալներ ևս, ԵԱՏՄ անդամ մյուս երկրների, բացի Բելառուսից, ԿԸՀ արժեքները շարունակում են ավելի ցածր մնալ Հայաստանից: Հայաստանին շարունակում են զիջել Եվրասիական միության անդամ մյուս երկրները: Այսպես, օրինակ, Ռուսաստանի ԿԸՀ-ն մնացել է 29 միավոր՝ 131-ից 135-րդ հորիզոնականներ: Չի փոխվել նաև Ղրղզստանի ԿԸՀ արժեքը՝ 28 միավոր, իսկ Ղազախստանի ԿԸՀ արժեքը ավելացել է 1 միավորով՝ դառնալով 29-ը:

2016 թվականի արդյունքներով Կոռուպցիայի ընկալման համաթվի առաջատարներն են Դանիան եւ Նոր Զելանդիան, որոնք համարվում են աշխարհում ամենաքիչ կոռումպացված երկրները: Նրանց համաթիվը 99-ն է, ինչը նշանակում է, որ այդ երկրներում կոռուպցիա գրթե չկա: Դանիային եւ Նոր Զելանդիային հաջորդում են Շվեդիան եւ Ֆինլանդիան: Իսկ աշխարհի ամենակոռումպացված երկրներ են համարվում, ըստ այս հետազոտության, Սոմալին, Հարավային Սուդանը եւ Սիրիան:

Շաքե Ավոյան

XS
SM
MD
LG